Ավստրալիայում ուսուցիչ աշխատող Դեն Ռոյալսը տառապում էր էներգետիկ ըմպելիքներից կախվածությամբ եւ դրանցով այրել է լեզուն:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ Դենը համացանցում հրապարակել է խոցերով պատված լեզվի լուսանկարները եւ պատմել, որ երկար ժամանակ ամեն օր խմել է 5-6 էներգետիկ ըմպելիք, մինչեւ բժիշկը չի հայտնել, որ դրանք իր լեզուն քայքայում են:

Դենը խոստովանել է, որ նաեւ ծխում է, բայց կարծում է, որ լեզուն վնասվել է հենց էներգետիկների պատճառով, այլ ոչ ծխախոտի:

«Հասկանալի լինելու համար ուղղակի ասեմ՝ ես մտահոգվում եմ բերանի խոռոչի առողջության մասին, դրա ամբողջ մեղավորը էներգետիկներն են: Նայեք իմ լեզվին եւ պատկերացրեք, թե դրանք ինչ են անում ներքին օրգանների հետ»,- ասել է Դենը:

Նրա սիրած ըմպելիքի յուրաքանչյուր բանկայի մեջ պարունակվում է մոտ 58 գրամ շաքար, որը վնասակար է ոչ միայն բերանի խոռոչի համար, այլեւ ամբողջ օրգանիզմի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունները նույնպես հաստատում են, որ շաքարի մեծ պարունակությամբ եւ մեծ թթվայնությամբ ըմպելիքները կարող են վնաս հասցնել ատամներին եւ բերանի խոռոչին: