Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնից 45-ամյա Լաուրա Բարնեթը ամեն առավոտ ստիպված է իր անկողինը մաքրել փոշեկուլով. գիշերվա ընթացքում ամբողջ անկողինը ծածկվում է նրա մաշկից թափվող մանր թեփերով:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ Լաուրան 2010 թվականին կլինիկա է դիմել աչքերի շուրջ մաշկի չորության գանգատներով: Բժիշկները որոշել են, որ նրա մոտ առկա է էկզեմա, եւ նշանակել են հորմոնալ կրեմներ:

Կես տարի հետո բրիտանուհին դադարել է այդ դեղերն օգտագործել, քանի որ «դրանք այլեւս չէին օգնում»: Հզոր դեղամիջոցներից կտրուկ հրաժարվելը օրգանիզմի կողմնակի ռեակցիաներ է առաջացրել՝ ստերոիդային քսուքների չեղարկման համախտանիշ: Լաուրայի մաշկը կարմրել է, սկսել է թեփոտվել եւ քոր գալ:

Լաուրային հիվանդությունը ոչ միայն տառապանք է պատճառել եւ թույլ չի տվել լիարժեք քնել, այլեւ փչացրել է սիրեցյալի եւ որդու հետ հարաբերությունները:

«Ընկերս ստիպված էր առանձին քնել: Ես գիշերները շարունակ քորվում էի, իսկ նա շատ զգայուն քնով է քնում,- հիշում է կինը: Դրանից բացի, մաշկս սարսափելի թեփոտվել էր եւ արնահոսում էր: Ես ամեն առավոտ մահճակալս մաքրում էի փոշեկուլով: Սթրեսի, քնի պակասի եւ հոգնածության պատճառով աշխատանքի էի ներկայնում զոմբիի նման»:

2018 թվականի հունվարին Լաուրան մաշկաբանի է այցելել: Արյան անալիզը ցույց է տվել, որ նա տառապել է փոշու տիզերի դեմ ալերգիայով, իսկ էկզեմա նրա մոտ երբեք չի եղել:

Լաուրան հիմա անհրաժեշտ բուժում է ստանում հորմոնալ քսուքների չեղարկման համախտանիշի եւ ալերգիայի դեմ, նրա մաշկը վերականգնվում է: