The Daily Mail-ը հայտնում է, որ Ադան ի ծնե տառապում է լիմֆեդեմայով՝ հյուսվածքների միջբջջային տարածքում սպիտակուցներով հարուստ հեղուկի կուտակում: Դրա պատճառով նրա աջ ոտքը հասել է վիթխարի չափերի, ինչը կնոջը զրկում է աշխատելու հնարավորությունից: Ադան տանից դուրս է գալիս շաբաթական միայն մի քանի անգամ, քանի որ դժվարանում երկար քայլել: Կինը, սակայն, ջանում չհուսալքվել. նա սիրում է պարել, եւ նշում է, որ հիվանդությունը իրեն երբեք չի կանգնեցնի պարի հարցում:
«Տանը ես երաժշտությունը բարձր միացնում եմ, երգում ու պարում: Գիտեմ, որ ամեն ինչ կարող էր նաեւ ավելի վատ լինել, եւ աշխատում եմ իմ օրինակով ոգեւորել նրանց, ովքեր նույնպես տառապում են լիմֆեդեմայով: Մենք ոչինչ չենք կարող փոխել, բայց կարելի է պայքարել, որ հիվանդությունը մեզ չհաղթի»,- նշում է Ադան:
Չնայած իր դրական տրամադրվածությանը, կինը խոստովանում է, որ այս ախտորոշմամբ ապրելը բավականին դժվար է: Նա երբեմն կարող է տեղաշարժվել միայն հատուկ քայլակներով: Ադայի քաշն անցնում է 208 կգ-ից, սակայն դրա պատճառը ոչ թե ճարպակալումն է, այլ նրա հիվանդագին վիճակը:
Լիմֆեդեման անբուժելի է, հիվանդի վիճակը հնարավոր է փոքր-ինչ բարելավել միայն հատուկ բուժմամբ եւ հատուկ սեղմող սպիտակեղեն հագնելով: Սակայն Ադայի դեպքում դա ակնկալված արդյունք չի տվել:
Նա դպրոցում ենթարկվել է ծաղրի եւ հարձակումների, ինչը նվազեցրել է նրա ինքնագնահատականը ու ստիպել հավատալ, որ ինքը երբեք չի կարողանա հանդիպել արժանավոր տղամարդու: Միայն հիմա՝ 38 տարեկանում է Ադան պատրաստ որեւէ մեկի հետ հարաբերություն հաստատելու փորձ կատարել: Միաժամանակ, հայրենի շրջանում կինը հայտնի է իր բարի եւ կարեկցող բնավորությամբ:








