Երկար տարիներ Գեղարքունիքի մարզում 100 աղջկա դիմաց գրանցվել է 122 տղայի ծնունդ, այն դեպքում, երբ նորմի համապատասխան՝ 100 աղջկա դիմաց պետք է ծնվի 102-106 տղա։ Բայց հետաքրքիր է, որ 2017-ին այդ հարաբերակցությունը Գեղարքունիքի մարզում արմատապես փոխվել է, եւ 100 աղջկա դիմաց արդեն 109 տղա է ծնվել, ինչն անհամեմատ ավելի մոտ է նորմին։ Այս մասին լրագրողներին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը։

Նույն թվականին հակառակ պատկերը կարելի էր տեսնել Տավուշում. եթե 2016-ին այնտեղ 100 աղջկա դիմաց ծնվել է 110 տղա, ապա 2017-ին տղաների թիվն ավելացել է՝ հասնելով 121-ի։

Մասնագետի խոսքով՝ չի կարելի ասել, թե ծնվող երեխաների սեռերի խեղաթյուրված հարաբերակցությունը լոկ ընտրովի աբորտների արդյունք է, բայց դրանք էլ են, իհարկե, կարեւոր դեր խաղում։

Հետաքրքիր է, որ ծնվող երեխաների սեռերի հարաբերակցության ամենացածր խեղաթյուրումը գրանցվել է Շիրակում. 2017-ին 100 աղջկա դիմաց այնտեղ ծնվել է 103 տղա, այն դեպքում, երբ դեռեւս 2016-ին նրանք 121-ն էին։

Արագածոտնում, 2017-ի տվյալներով, 100 աղջկա դիմաց ծնվել է 116 տղա, Լոռիում՝ 114, Կոտայքում՝ 105։ Միջինը երկրում 100 աղջկա դիմաց ծնվում է 110 տղա։ Մի քանի տարի առաջ այս թիվը հասնում էր 114-ի։

Հիշեցնենք, որ շատ փորձագետներ նշում են, որ ծնվող երեխաների սեռերի հարաբերակցության խախտումը կարող է հանգեցնել ժողովրդագրական աղետի. արդեն այսօր մինչեւ 20 տարեկան տարիքային խմբում տղաների թիվը գերազանցում է աղջիկների թիվը 40.000-ով։