Չինաստանի Ցզանսյու նահանգի Լյանյունգան քաղաքից 18-ամյա Լի Ցզին զոհաբերել է համալսարան ընդունվելը, որ օգնի կրտսեր եղբորը, որը տառապում էր ապլաստիկ անեմիայով:

South China Morning Post պարբերականը հայտնում է, որ երբ տղան հիվանդացել է, Լին պատրաստվում էր ընդունելության քննություններին: Տղան ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ուներ, բայց հյուսվածքային անհամատեղելիության պատճառով ո՛չ մայրը, ո՛չ հայրը դոնորի դերին չէին համապատասխանում: Պարզվել է, որ միակ մերձավոր ազգականը, որը նրա համար կարող էր դոնոր դառնալ, քույրն է:

Հանուն ոսկրածուծի փոխպատվաստման Լին ստիպված էր բաց թողնել ընդունելության քննությունները եւ այլեւս չի կարողանա այս տարի համալսարան ընդունվել: Բայց դա նրան չի վախեցնում:

«Ես կարող եմ քննությունները հանձնել մեկ տարի հետո էլ, իսկ եղբորս փրկելու այլ շանս չի լինի»,- ասել է նա:

Վիրահատությունը կատարվել է մարտին: Բուժման դիմաց վճարելու համար ընտանիքը ստիպված էր պարտք անել եւ հույսը դնել ընկերների ու հարեւանների օգնության վրա:

«Որդուս համար աղջկանիցս 800 մլ արյուն են վերցրել ոսկրածուծի հետ եւ 400 մլ ցողունային բջիջներ,- պատմել է աղջկա հայրը: - Այս թվերը երբեք չեմ մոռանա: Վերջին շրջանում նրանք երկուսն էլ տառապել են»: