Երիտասարդ պարուհի Նատալի-Ամբեր Ֆրիգարդը դարձավ սխալ ախտորոշման զոհ։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, 17 տարեկանում աղջիկը սկսել է տառապել մարսողության լուրջ խանգարումից, ինչի հետեւանքով սկսել է կտրուկ նիհարել։ Այն բանից հետո, երբ նրա քաշը հասել է 31,7 կիլոգրամի, բժիշկները որոշել են, որ նա անորեքսիա ունի եւ նրան նշանակել են, ինչպես հետո պարզվեց, սխալ բուժում։

Ճիշտ ախտորոշումը կայացվեց միայն 7 տարի անց, երբ Նատալին մահվան եզրին էր. նրան շտապօգնության մեքենայով հասցրին հիվանդանոց այն բանից հետո, երբ ընկավ ու կորցրեց տեսողությունը։ Հիվանդանոցում նրա մոտ սեպսիս հայտնաբերվեց, ինչի պատճառով աղջկա երիկամները սկսել էին շարքից դուրս գալ։ Նատալիի կյանքը փրկելու համար շտապ վիրահատություն էր անհրաժեշտ։

Ինչպես պարզվեց,  բոլոր փորձանքների պատճառը Կրոնի հիվանդությունն էր՝ աղեստամոքսային տրակտի բորբոքային հիվանդություն, որը կարող է վնասել նրա բոլոր բաժինները (բերանի խոռոչից մինչեւ ուղիղ աղի)։ Մինչեւ ներկա պահը Կրոնի հիվանդության ճշգրիտ պատճառը անհայտ է։

Վիրահատությունից հետո Նատալին  արհեստական ճեղք ունեցավ (որը կապ է հաստատում ցանկացած օրգանի խոռոչի եւ շրջակա միջավայրի միջեւ)։ Մեկ ամիս աղջիկն անցկացրեց հիվանդանոցում, իսկ հետո եւս մեկ ամիս շարժվում էր միայն հաշմանդամի սայլակով։ Վիրահատությունից նրան հիշատակ են մնացել մեծ սպիները։ Բարեբախտաբար, պարուհու տեսողությունը լրիվ վերականգնվել է։

Ճեղքի փակման վիրահատությունը մեկ տարի հետ արվեց։ Այժմ Նատալին փորձում է ապրել բնականոն կյանքով եւ երազում է վերադառնալ պրոֆեսիոնալ պարերին։