Հայաստանում տարեկան 100 000 բնակչից 240-ի մոտ չարորակ ուռուցք է ախտորոշվում։ Այս մասին լրագրողներին հայտնեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը։ Նա նաեւ ավելացրեց, որ թեպետ ողջ աշխարհում տարեցտարի քաղցկեղով հիվանդների թվի աճ է գրանցվում, Հայաստանի տվյալները այնքան էլ բարձր չեն։

Հայրապետ Գալստյանի խոսքով՝ տնտեսապես զարգացած երկրներում 100 000-ից միջինում 450 մարդու մոտ տարեկան չարորակ ուռուցք է հայտնաբերվում։ Այս ցուցանիշը, պարզվեց, նույնիսկ ավելի բարձր է Բելառուսում, ինչի մասին այսօր տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում պատմեց այնտեղից ժամանած մասնագետը։

«Ես լսեցի Գոմելի մարզային ուռուցքաբանական դիսպանսերի գլխավոր մասնագետի զեկույցը, եւ շատ զարմացա, որ այնտեղ 100 000 բնակչից 470-ը հիվանդանում է չարորակ ուռուցքով։ Դա հիմնականում կապում են Չերնոբիլյան վթարի հետ», - ասաց Հայրապետ Գալստյանը։

Այսպիսով, չարորակ ուռուցքներով հիվանդացությունը Հայաստանում այնքան էլ բարձր չէ, բայց, մյուս կողմից, շատ բարձր է բարձիթողության տարածվածությունը, եւ մարդիկ հաճախ շատ ուշ են դիմում բժշկի՝ դրանով իսկ նվազեցնելով իրենց ապաքինվելու շանսերը։

«Սա ուղղակիորեն անդրադառնում է բուժման արդյունքների վրա։ Որքան շուտ է հայտնաբերվում ուռուցքը, այդքան բարձր է լինում բուժման արդյունավետությունը», - ասաց Հայրապետ Գալստյանը։

Նա նաեւ նշեց, որ Հայաստանում 2000-ականների հետ համեմատ բարձիթողությունը այս ոլորտում 4.3 տոկոսով նվազել է, բայց շարունակում է մնալ շատ եւ շատ բարձր։

«Այն երկրներում, որտեղ պետական ծրագրով սկրինինգային ծրագրեր են  իրականացնում՝ ամբողջ օրգանիզմի կամ առանձին օրգանների համար, բարձիթողությունը բավական ցածր է», - նշեց ուռուցքաբանը։