43-ամյա Միշել Օդին 14 տարեկանից տառապում է Քրոնի հիվանդությամբ։ Դա աղեստամոքսային տրակտի ծանր քրոնիկական հիվանդություն է, որը կարող է վնասել նրա ամբողջ հատվածները՝ սկսած բերանի խոռոչից եւ վերջացրած ուղիղ աղին։ Ախտորոշումն իսկական մղձավանջ էր այն բանից հետո, երբ կեսարյան հատման վեց սպիները (վերջին վիրահատությունից 10 տարի անց) սկսեցին կղանք արտաթորել։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, բժիշկները ծանր վիճակը բացատրում էին վիրախորշի (ֆիստուլա) առաջացմամբ։ Դրա պատճառով Միշելի մոտ առաջացավ բազմօրգան անբավարարություն, ինչի հետեւանքով նրան անհրաժեշտ է վիրահատել եւ հինգ օրգան փոխպատվաստել միաժամանակ՝ լյարդ, ենթաստամոքսային գեղձ, բարակ ու հաստ աղիներ եւ ստամոքս (մասնակի)։
20 ժամանոց այս վիրահատությունը մահացության բարձր ռիսկ ունի՝ 35 տոկոս։ Կինն ինքը նշում է, որ պատրաստ է ռիսկի դիմել, քանի որ այլեւս չի դիմանում իր վիճակին։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ դոնոր պետք է լինի մեկ մարդ, որպեսզի նվազագույնի հասցվի օրգանների չընդունման վտանգը։
Կղանքը սկսել է կեսարյան հատման սպիից դուրս գալ 2014 թվականին, եւ անցած տարիներին Միշելը աղիների յոթ վիրահատության է ենթարկվել։ Կինը սարսափելի նիհարել է, եւ ստիպված է քայլել կալոընդունիչով։ «Դա իսկական խելահեղություն է։ Ես այլեւս այսպես ապրել չեմ կարող»,- նշում է նա։






