Բարձրահասակ եւ խոշոր երեխաների շրջանում երիկամների (երիկամաբջջային) քաղցկեղի զարգացման հավանականությունը ավելի մեծ է, քան միջին հասակով ու քաշով նրանց հասակակիցների շրջանում: Սա պարզել են դանիացի գիտնականները, որոնք իրենց նոր հետազոտության արդյունքները ներկայացրել են ապրիլի 28-ից մայիսի 1-ը Շոտլանդիայում ընթացող Ճարպակալման եվրոպական կոնգրեսում (European Congress on Obesity):
Երիկամաբջջային քաղցկեղը սովորաբար զարգանում է ոչ մանկության տարիներին, այլ ավելի ուշ՝ արդեն հասուն տարիքում: Հետազոտողների խոսքով՝ մեծահասակների շրջանում առավել տարածված քաղցկեղի տեսակը կարցինոման է: Դրա զարգացման ամենամեծ հավանականությունը դիտվում է 50-70 տարեկան տղամարդկանց շրջանում, ընդ որում՝ ավելորդ քաշը մեծացնում է հատկապես երիկամներում չարորակ նորագոյացության առաջացման սպառնալիքը:
Գիտնականները վերլուծել են գրեթե 300 հազար դանիացի երեխաների տվյալները, որոնք ծնվել են 1930-ից 1989 թվականներին: Փորձագետներն ուսումնասիրել են նրանց հասակի եւ քաշի տվյալները ինչպես ծնվելիս, այնպես էլ հետո, ամբողջ կյանքի ընթացքում: Վերլուծության վիճակագրական մեթոդի հիման վրա՝ Կոկսի համեմատական ռիսկերի ռեգրեսիայով, մասնագետները իրար են կապել մի շարք գործոններ եւ հաշվարկել վտանգները: Դիտարկումների ավելի քան 30 տարում երիկամների քաղցկեղ է հայտնաբերվել 330 կանանց եւ 680 տղամարդկանց մոտ: Բոլոր դեպքերը կապված էին մանկության տարիներին բարձր հասակի եւ ավելորդ քաշի հետ: Սակայն գիտնականներն առայժմ չեն կարողանում այս կապը բացատրել. դժվար է ասել, թե բարձր հասակը եւ քաշը կոնկրետ ինչպիսի մեխանիզմներով կարող են կապված լինել երիկամների քաղցկեղի զարգացման մոծ հավանականության հետ:






