Գիրացման տենդենցներին դիմակայելու նպատակով, Կոկա-Կոլա ընկերությունը «Հեծանվային երջանկություն» վերտառությամբ քարոզարշավ է նախաձեռնել, որի օգնությամբ հեծանվավազք եւ այլ ֆիզիկական վարժություններ են խրախուսվում: Հեղինակային տեսանյութի միջոցով ընկերությունը փորձում է կարծիք ստեղծել, թե կարելի է վարժություններն իրենց արտադրանքին համադրել. մարդիկ 23 րոպե հեծանիվ են քշում` մեկ շիշ Կոկա-Կոլա գնելու համար: Միջին մարդուց հենց այդքան է պահանջվում` ըմպելիքի 140 կալորիան սպառելու համար: 

Գազավորված ըմպելիքների մեծ մասը, կախված տեսակից` Կոկա-Կոլա, Պեպսի, 7-Up կամ Ֆանտա, տարբեր բաղադրության քիմիական նյութեր եւ հավելումներ են պարունակում: Իսկ ահա սովորական գազավորված խմիչքները առնվազն 35 գրամ շաքարից բացի, իրենց կազմի մեջ այնպիսի արհեստական քաղրացնող նյութեր ունեն, ինչպիսիք են ասպարտամը եւ սուկրալոզը, որոնք, ըստ էության, շաքարից ոչնչով լավը չեն, գրում է Medical Daily-ին:

Կոկա-Կոլայի բաղադրատոմսը շարունակվում է գաղտնի պահվել, եւ այն մի քանի ընտրյալ աշխատակիցների է հայտնի: Պարզ է միայն, որ այն, ամենայն հավանակությամբ, եգիպտացորենի օշարակ է պարունակում: Չնայած, բացառված չեն նաեւ ֆրուկտոզի, սախարոզի կամ եղեգնաշաքարի տարբերակները: Ըմպելիքի բաղադրիչներից են նաեւ կարամելի գույնը, կոֆեինը, ֆոսֆորաթթուն, կոկայի եւ լայմի քամվածքները, վանիլը եւ գլիցերինը: Հիշյալ բաղադրիչների` տարբեր չափաքանակներով համադրումներից բացի, պատահում են նաեւ այլ նյութեր` նատրիումի ցիտրատ,  եթերային յուղեր` պահպանման ժամկետի երկարացման համար եւ մոդիֆիկացված սննդային կրախմալ: Մինչեւ 1903թ. Կոկա-Կոլան նաեւ մի փոքր կոկաին էր պարունակում, սակայն սննդամթերքի եւ դեղամիջոցների գործակալության (FDA) կողմից ձեռնարկված ճնշումներից հետո այն հանվեց ըմպելիքի կազմից եւ, որպես հիմնական խթանիչ, կոֆեինով փոխարինվեց:

Մեկ այլ վիճելի թեմա է ֆրուկտոզի բարձր բաղադրություն ունեցող եգիպտացորենի օշարակը: Շատերը պնդում են, որ հենց դրանում է գիրացման ամերիկյան համաճարակի հիմնական շարժիչ ուժը, մինչ փաստաբաններն եւ սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններն էլ համոզված են, որ այն համարժեք է սովորական շաքարին, պարզապես ավելի էժան արժի, եւ հենց այդ պատճառով էլ առավել հաճախ է կիրառություն գտնում ամերիկյան սննդամթերքի եւ ընպելիքների արտադրության մեջ:

Վերջերս Կոկա-Կոլայի դեմ դատական հայց էր ներկայացվել` Ֆանտա եւ Powerade ապրանքատեսակների արտադրության մեջ մեկ այլ վիճելի բաղադրիչ ներառելու համար: Խոսքը կայունացնող միջոց համարվող բրոմացված բուսական յուղի մասին է, որի կիրառությունը մի շարք երկրներում արգելված է` առողջության համար վտանգավոր լինելու պատճառով: Այդուհանդերձ, Կոկա-Կոլան պնդում է, որ երբեք չի գերազանցել քիմիկատի նորման: «Մեր բոլոր ըմպելիքները, որտեղ բրոմացված բուսական յուղ կա, միշտ էլ բացարձակ անվտանգ են եղել», - հայտարարել է Ջոշ Գոլդը` Կոկա-Կոլայի նախագահը` «Մեր առաջնայնություններն արտադրանքի անվտանգությունն ու որակն են» խորագրով ելույթի ժամանակ: 

Այսինքն` մեկ շիշ Կոկա-Կոլա խմելու համար նախ հարկավոր է հեծանիվ քշել: Իսկ ավելի լավ է` քշել եւ սովորական ջուր խմել, պնդում է Medical Daily-ն։