ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրեց մանկաբարձության եւ գինեկոլոգիայի խորհրդի նիստ: Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց Շիրակի մարզում տեղի ունեցած մայրական եւ պտղի ներարգանդային մահվան մահացության վերջին երկու դեպքին: Քննարկմանը ներկա էին Շիրակի մարզի առողջապահության ոլորտի ղեկավարները, դեպքին առնչվող բուժաշխատողներ, հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հաջորդաբար ներկայացրեց Գյումրիում առաջին դեպքում մոր եւ պտղի, երկրորդ դեպքում` պտղի մահվան հանգամանքները, ախտորոշումները, իրականացված բժշկական գործընթացի մանրամասները: Արմեն Մուրադյանը շեշտեց, որ մայրական եւ մանկական մահացության յուրաքանչյուր դեպք մասնագիտական վերլուծության է ենթարկվելու: « Դա շարունակական գործընթաց է, որը միտված է ոչ միայն տվյալ դեպքի մասնագիտական կամ կազմակերպչական սխալների վեր հանմանը, այլեւ կնպաստի նմանօրինակ դեպքերի կանխմանը, հնարավորինս նվազագույնի կհասցվեն ռիսկի գործոնները»,-ընդգծեց նախարարը:

Նա ոլորտի ներկայացուցիչներին կոչ արեց մշտապես լինել զգոն, ուշադիր եւ աշխատանքը կատարել մեծ պատասխանատվությամբ ու բարեխղճորեն: Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ «կոլեգիալության», գործընկերների մասնագիտական սխալը քողարկելու յուրաքանչյուր դեպք անպատիժ չի մնա: Նա մարզային ծննդատների տնօրեններին եւ բուժաշխատողներին հորդորեց որոշումներ կայացնելու գործում լինել ավելի օպերատիվ, քանի որ հաճախ մոր կամ պտղի կյանքը փրկելը վայրկյանների հարց է:

Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի եւ Գյումրու ծննդատանը տեղի ունեցած դեպքերը գտնվում են նախաքննության փուլում եւ կատարվում է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքերին առնչվող բոլոր փաստաթղթերը առգրավված են իրավապահ մարմինների կողմից: Նախարարի հանձնարարությամբ համապատասխան մասնագետները եղել են տեղում, ուսումնասիրել դեպքերի հետ կապված հանգամանքները: Օրենքով սահմանված կարգով, մինչեւ նախաքննության փուլի եւ/ կամ քրեական վարույթի ավարտը տվյալների հրապարակումը թույլատրելի չէ: