Լյուքսեմբուրգի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ սննդային կախվածություն իսկապես գոյություն ունի: Եվ որ այն ընդամենը պատրվակ չէ` շատակերների համար:

Գիտնականները պարզել են, որ ուտելիքի պատկերները հավելյալ քաշ ունեցող կանանց մոտ բնազդաբար սնվելու ցանկություն են խթանում. նրանք սովորաբար թույլ կամքի ուժ ունեն:

Ուսումնասիրությանը մասնակիցներից ոմանք սնունդ ընդունելուց անմիջապես հետո ուտելիքի հանդեպ ձգողականություն են դրսեւորել: Դա նեյրոհաղորդիչների աշխատանքի հետ կապված կախվածության ակնհայտ նշան է: Դրանք այն ժամանակ են միանում, երբ մարդ թղթախաղով է տարված, սնվում է, ծխում, սեքսով զբաղվում կամ թմրադեղ ընդունում, գրում է Daily Mail-ը: 

Գիտնականները, համակարգչի էկրանին ուտելիքի պատկերներ ցուցադրելով, ստուգել են մասնակիցների վիճակը` սնունդ ընդունելուց անմիջապես հետո եւ 3 ժամ անց: Կանայք պետք է նկար տեսնելուն պես` հնարավորին չափ արագ մկնիկի ստեղնը սեղմեին: Հավելյալ քաշ ունեցող կանայք հանձնարարությունը ակնհայտ ուշացումով են կատարել:

Ընդ որում, ոմանց մոտ, անկախ նրանից, թե երբ են վերջին անգամ սնունդ ընդունել, անհագուրդ քաղց է առաջացել: Այսինքն` խոսքն այստեղ գերսնման նկատմամբ ֆիզիոլոգիական հակվածության մասին է: Ճիշտ է` չի բացառվում, որ այն կարող է նաեւ հոգեբանական սթրեսի, սովորության կամ ձանձրույթի արդյունք լինել: