Նոր` դեռեւս փորձարարական փուլում գտնող Epidiolex դեղամիջոցը խոստումնալից արդյունքներ է գրանցել: Ծանր բնույթի էպիլեպսիայով տառապող 27 երեխաների շրջանում` ԱՄՆ երկու հիվանդանոցներում իրականացված փորձարկման արդյունքում դեղամիջոցն արտադրող բրիտանական ընկերության` GW Pharmaceuticals-ի բաժնեթղթերի գինն աճել է 15 տոկոսով եւ ռեկորդային մակարդակի հասել, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Նոր դեղամիջոցի բաղադրիչներից մեկը կանաբիսն է. այն, հատուկ թույլտվությամբ, ընկերության կողմից անհայտ վայրում է աճեցվում: Թմրամիջոցի բաղադրությամբ եւս մեկ` սկլերոզի դեմ նշանակվող դեղամիջոց` Sativex անվամբ, մինչ այժմ էլ եվրոպական բոլոր երկրներում հերթական հռչակն էր բերել GW Pharmaceuticals-ին: 

Ելակի համ ունեցող Epidiolex օշարակն օրական երկու անգամ է նշանակվում: Դեղամիջոցի հիմքում CBD կանաբինոիդն է, բայց ոչ` մարիխուանայի պսիխոակտիվ THC բաղադրիչը: 12 շաբաթ տեւողությամբ փորձարկման արդյունքները էպիլեպտիկ նոպայի հաճախականության ավելի քան 50 տոկոսի չափով կրճատում են արձանագրել: Ընթացիկ տարվա երկրորդ կեսին կլինիկական փորձարկումների II/III փուլերը կմեկնարկեն:

GW Pharmaceuticals-ի գլխավոր տնօրենի Ջասթին Գովերի խոսքով, Epidiolex-ը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կարգավորող հանձնաժողովների ուշադրությանը 2016թ. կներկայացվի: Մինչ այդ, ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունն արդեն իսկ որոշակի լիազորություններ եւ արտոնություններ է տրամադրել ընկերությանը` շուկայի մուտքն ապահովելու համար: Խրախուսման պատճառն այն է, որ ծանր էպիլեպտիկ հիվանդություններով` ինչպես, օրինակ, Դրավեի եւ Լենո-Գաստոյի սինդրոմներն են, տառապող երեխաներին օգնելու համար նոր մոտեցումներ են հարկավոր, քանի որ ներկայիս` բարձր դոզայով նշանակվող դեղամիջոցները հաճախ ի վիճակի չեն նոպաների դեմն առնել: 

Կանաբիսի նկատմամբ հետաքրքրությունը վերջերս է աճել, երբ ԱՄՆ Կոլորադո նահանգի եւ Կանադայի խանութներում մարիխուանայի վաճառքն օրինականացվեց: GW Pharmaceuticals-ն, այնուամենայնիվ, բացառում է իր գործունեության կապը հիշյալ տենդենցի հետ` շեշտելով, որ բույսի բաղադրիչներն այս պարագայում միայն բժշկական նպատակներով են օգտագործվում, ինչպես որ ցավազրկողն ափիոնն է օփիումի արտադրության շրջանակում կիրառվում: