Հակաօքսիդանտներով սննդային հավելումները, որոնք համարվում են կանխարգելիչ միջոց քաղցկեղի դեմ պայքարում, իրականում կարող են նպաստել չարորակ հյուսվածքների ագրեսիվ աճին եւ մետաստազների առաջացմանը։ Այս մասին նախազգուշացնում են ԱՄՆ եւ Շվեդիայի գիտնականները։
Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ը, մկների եւ մարդու հյուսվածքների վրա փորձարկումների ընթացքում գիտնականներին հաջողվել է բացահայտել մեխանիզմներ, որոնք պաշտպանում են քաղցկեղի բջիջները դրանց սեփական աճի կողմնակի գոյացումներից։ Այստեղ կարեւոր դեր, պարզվում է, խաղում է BACH1 սպիտակուցը, որը ազդանշանային ցանցի բաղադրիչ է՝ կապված քաղցկեղի բջիջների միգրացիայի եւ առողջ հյուսվածքներ դրանց ներթափանցման հետ։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղի դեպքում առաջ են գալիս մուտացիաներ, որոնք ուժեղացնում են NRF2 սպիտակուցի ակտիվությունը, որը նպաստում է հակաօքսիդանտների գոյացմանը։ Ընդ որում՝ փոքրանում է մոլեկուլների թիվը, որոնք մասնակցում են թթվածնի ակտիվ ձեւերի արտադրությանը եւ առաջ բերում թթվային սթրես։ Այդ միացություններից որոշները ճեղքում են BACH1 սպիտակուցը։ Սակայն հակաօքսիդանտների պարունակության ավելացման դեպքում BACH1-ը պաշտպանված է լինում եւ օգնում է քաղցկեղի բջիջներին տարածվել։
Այսպիսով, հակաօքսիդանտներն այս դեպքում ոչ միայն չեն նպաստում քաղցկեղի կանխարգելմանը, այլեւ, հակառակը, օգնում են դրա տարածմանը։ Ավելին, նույն էֆեկտն ունի նաեւ Е վիտամինը, որը ներառվում է սննդային հավելումների բաղադրությունում։






