75-ամյա գերմանացի գիտնական Կլաուս Սամեսը ինքն իրեն կրիոկոնսերվացիայի կենթարկի, ինչը օրգանիզմի կենսաբանական գործառույթների սառեցում է ենթադրում` հետագա վերականգնման հեռանկարով: Պրոֆերսորն արդեն Cryonic Institute (Կրիոնիկայի ինստիտուտ) ամերիկյան ոչ առեւտրային կազմակերպության հետ համապատասխան պայմանագիր է ստորագրել, գերմանական Bild պարբերականին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Ենթադրվում է, որ Սամեսի մարմնի ջերմաստիճանը մինչեւ մինուս 196 աստիճան է իջեցվելու: Ուղեղի մահվան փաստը իրավաբանորեն արձանագրելուց հետո նրան սառցե դագաղի մեջ կտեղադրեն եւ Cryonic Institute-ի կենտրոնակայան` Միչիգան նահանգում գտնվող Քլինթոն-Թաունշիթ քաղաք կտեղափոխեն, որտեղ գիտնականի ողջ արյունատար համակարգը կդատարկվի`հատուկ ֆիզլուծույթ ներառելու նպատակով: Այդ լուծույթը հետագայում` հեղուկ ազոտով սառեցվող խցում պինդ վիճակ է ձեռք բերելու:

«Ես խելքս չեմ թռցրել», - որոշումն այսպես է մեկնաբանել գիտնականը` հավելելով, որ եթե ներկայումս կրիոկոնսերվացիայի տեխնոլոգիան անդառնալի բնույթ ունի, ապա դա դեռ չի նշանակում, որ 150 տարի անց մարդկությունը չի կարող կոնսերվացված բջիջներին կենդանություն պարգեւել:

Սամեսն արդեն 21 հազար եվրո է վճարել Cryonic Institute-ին: Բացի այդ, պրոֆեսորը պետք է նաեւ իր մարմնի` Գերմանիայից ԱՄՆ տեղափոխման ծախսերը հոգա, ինչը հավելյալ 14 հազար եվրո է կազմում:

Կրիոնիկայի հիմնադիրը ամերիկացի գիտնական Ռոբերտ Էտտինգերն է համարվում: Ներկայումս ոլորտում գործող ընդամենը երեք կազմակերպություն կա, որոնք սեփական պահեստարաններն ու ծառայությունների ողջ գունապնակն ունեն` երկուսը Միացյալ Նահանգներում եւ մեկը` Ռուսաստանում: 2013թ. դրությամբ, շուրջ 250 մարդ արդեն սառեցվել է: