Օհայոյի նահանգային համալսարանի բժշկական կենտրոնի նյարդաֆիզիոլոգներին հաջողվել է առաջընթաց գրանցել ուղեղա-համակարգչային ինտերֆեյսների զարգացման գործում: Կաթվածահար մարդը կարողացել է «մտքի ուժի» օգնությամբ շարժել ձեռքը, տեղեկացնում է FoxNews-ը:  

23-ամյա հիվանդը ձեռքերը եւ ոտքերը շարժելու ընդունակությունից 4 տարի առաջ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում է զրկվել: Գիտնականները նրան նորաստեղծ  Neurobridge (նյարդային կամուրջ) համակարգչի միջոցով են օգնության հասել: Հիվանդի ուղեղի մեջ (մոտորային կեղեւում) 200 միկրոէլեկտրոդներ են տեղակայվել, որոնց օգնությամբ նեյրոններից ստաղվող էլեկտրական ազդակներն անցնում են ուղեղա-համակարգչային ինտերֆեյսին եւ, նախաբազկին ամրացված կցորդչի միջոցով ձեռքի մկանների շարժ խթանող ազդակների վերածվում:

Մինչ այժմ ուղեղա-համակարգչային ինտերֆեյսների օգնությամբ հնարավոր էր միայն արհեստական ձեռքի շարժումները վերահսկել: Սա առաջին դեպքն է, երբ կաթվածահար մարդուն հաջողվում է սեփական ձեռքը շարժել: