Շները հաճախ են օգնում գտնել տերերի մոտ տարբեր հիվանդություններ: Մեծ Բրիտանիայից 2 կին Daily Mirror-ին պատմել են այն մասին, թե շներն ինչպես են օգնել գտնել իրենց մոտ քաղցկեղը եւ դրանով փրկել իրենց կյանքը:

Էմմա եւ Չառլի

Էմմա Սմիթը, որը 2 որդի ունի, պնդում է, որ իր շունը՝ սթաֆորդշիրյան բուլտերիեր Չառլին իր կյանքը փրկել է: Մի անգամ Չառլին սկսել է իրեն տարօրինակ պահել՝ նա ցատկում էր տիրուհու աջ կրծքի վրա, մշտապես հոտոտում էր մարմնի այդ հատվածը եւ հաչում:

Էմման սկզբում մտածել է, որ իր շապիկը ուտելիքի հոտ է բուրում, բայց շունը շարունակել է իրեն նույն կերպ պահել մի քանի ամիս շարունակ՝ անկախ տիրուհու հագուստից: Էմման ինչ-որ պահի կռահել է, որ շունը փորձում է իրեն ինչ-որ բան ասել: Նա շոշափել է աջ կուրծքը եւ կոշտացում հայտնաբերել: Նա անմիջապես բժշկի է դիմել, եւ նրա մոտ ախոտորոշել են կրծքագեղձի քաղցկեղ:

Բուժումը հաջող էր, եւ Էմման հիմա առողջ է: Բժշկի խոսքով՝ եթե նա ավելի ուշ դիմեր, ամեն ինչ կարող էր անչափ վատ ավարտվել:

Քլեր եւ Դեյզի

Քլեր Գեսթը նույնպես համոզված է, որ ողջ է իր շան՝ Դեյզի անունով լաբրադորի շնորհիվ. նա օգնել է կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերել վաղ փուլում:

Ինչպես նախորդ դեպքում, Դեյզին մշտապես քսմսվել է տիրուհու կրծքին, ինչը նրան ստիպել է անհանգստանալ եւ կլինիկա դիմել: Պարզվել է, որ նրա մոտ առկա է կրծքագեղձի քաղցկեղ:

Քիմիաթերապիայից եւ վերականգնումից հետո Քլերը որոշել է, որ Դեյզին կարող է օգնել նաեւ մյուս մարդկանց: Այսպես նա ստեղծել է «Բժիշկ շներ» բարեգործական ծրագիրը, որտեղ աշխատում է արդեն 12 շուն, որոնք օգնում են գտնել ուռուցքները: Բոլոր շներն իրենց տունն ունեն, բայց տերերը կամավոր նրանց բերում են մարդկանց օգնելու համար:

10-ամյա Դեյզին կենդանիների պաշտպանության բարեգործական հիմնադրամից «Երկնագույն խաչ» մեդալ է ստացել: Դեյզին բժշկական համալսարանում աշխատանքի ընթացքում մարդկանց մոտ հայտնաբերել է քաղցկեղի ավելի քան 550 դեպք:

Մասնագետների խոսքով՝ շները տարօրինակ հոտառություն ունեն, որի շնորհիվ կարողանում են հոտով որոշել ոչ միայն թմրանյութերը եւ պայթուցիկ նյութերը, այլեւ բակտերիաները, վիրուսները եւ շատ հիվանդությունների նշաններ: Քաղցկեղային բջիջները նյութեր են արտադրում, որոնք շները կարող են հայտնաբերել մարդու քրտինքի եւ այլ արտազատումների մեջ: