Գիտնականները հազարավոր փոքր չափերի մարդկային սրտեր են աճեցրել` հիպերտրոֆիայի դեմ պայքարի միջոց հայտնաբերելու նպատակով: Այս հիվանդության պարագայում սրտի մկանները թուլանում են եւ արյունը ողջ մարմնով շրջանառելու հնարավորությունից զրկվում:
Շոտլանդիայի Դանդի քաղաքում գտնվող Աբերթայ համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները ցողունային բջիջներից աճեցված, 1 մմ տրամագծով եւ րոպեի ընթացքում 30 անգամ բաբախող «սրտիկների» վրա տարբեր դեղամիջոցներ են փորձարկում` հիշյալ հիվանդության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը հայտնաբերելու համար, տեղեկացնում է FoxNews-ը:
Բայց նախ ի սկզբանե առողջ սրտերին հիպերտրոֆիայով «հիվանդացնել է» պետք. գիտնականները, քիմիկատների օգնությամբ, բջիջների աննորմալ աճ են խթանում` օրգանի փքման եւ թուլացման հասնելու նպատակով:
Սա առաջին դեպքը չէ, երբ լաբորատոր պայմաններում մարդու սիրտ է աճեցվում, սակայն արհեստական օրգանին հիվանդություն հաղորդելու բոլոր փորձերը մինչ այժմ անհաջողության են մատնվել:
Սրտի հիպերտրոֆիան կարող է ժառանգական կամ այլ հիվանդությունների հետեւանքը լինել, ինչպես, օրինակ շաքարախտն է: Այն երբեմն նաեւ չափազանց մեծ լարում պահանջող վարժությունների պատճառով ի հայտ գալիս: Որոշ դեպքում հիվանդությունը կարող է սրտի ոչ նորմալ ռիթմով աշխատանքի հանգեցնել, ինչը երիտասարդ տարիքում մահացություն լուրջ վտանգ է պարունակում: Չնայած հիպերտրոֆիայի դեմ պայքարի միջոցների առկայությանը, որոնք հիմնականում ախտանշանների վերահսկման նպատակով են կիրառվում, կարելի է ասել, որ հիվանդության դեմ լիարժեք պայքարի միջոց դեռեւս գոյություն չունի:
Վերը հիշատակված փորձարկումերն իրականացնող գիտնականներն արդեն բացահայտել են այն մոլեկուլները, որոնք սրտի փքման են հանգեցնում եւ գտել այն դեղամիջոցները, որոնք կարող են տվյալ երեւույթի, ասել է թե` հիպերտրոֆիայի դեմ արդյունավետ պայքար մղել:






