Դետեկտիվ պատմություններ շատերն են սիրում: Համոզված եղեք` մեր երակներով հոսով արյունը նույնպես մի ինքնատիպ դետեկտիվ է: Ինչպես որ ավտոմեքենայի շարժիչի յուղն իր քանակով, հոտով, գույնով եւ յուղայնությամբ կարող է սարքի լավ ու վատ աշխատանքի մասին հուշել, այնպես էլ արյունը` ողջ մարմնի աշխատանքային վիճակը նկարագրող տվյալներ հաղորդել, տեղեկացնում է FoxNews-ը:
Պարզ է` սկզբից պետք է հասկանալ, թե ինչ փնտրել եւ ստացված տվյալներն ինչպես մեկնաբանել: Ստորեւ կարճ ուղեցույց ենք պատրաստել` «կարմիր» զգուշացումները ճանաչելու համար: Այնպես որ բժշկի մոտ հաջորդ այցելության ժամանակ հանգիստ կարող եք բոլոր 6 հետազոտությունները պատվիրել եւ ստացված «չինարենից» ինքներդ գլուխ հանել:
Ամենասկզբից` ընդհանուր հետազոտություն
Այս հետազոտության արդյունքում կարող եք արյան բոլոր հիմնական ցուցանիշները` կարմիր (թթվածին կրող) ու սպիտակ (վարակների դեմ պայքարող) գնդիկների եւ թրոմբոցիտների (մակարդող մասնիկներ) բաղադրությունը որոշել:
Շաքարի պարունակությունը որոշեք
Արյան հետազոտությունը արդյունավետ միջոց է` շաքարախտի երկու տիպերից որեւէ մեկի ախտորոշման համար: Այս պարագայում սովորաբար գլյուկոզայի ստանդարտ թեստ են հանձնում (դատարկ ստամոսքով)` տվյալ պահին, երբեմն նաեւ` A1C թեստ` վերջին 2-3 ամիսների ընթացքում արյան մեջ գլյուկոզայի միջին բաղադրությունը որոշելու համար:
Բայց եթե երկու հետազոտություններից որեւ մեկը նորմայից բարձր բաղադրություն է բացահայտել, գլյուկոզայի թեստի պարագայում` ավելի քան 100 մգ/դլ, իսկ A1C-ի դեպքում` 6 տոկոս, կարող եք նաեւ գլյուկոզայի տոլերանտության թեստ պահանջել:
Եթե ոչ դատարկ ստամոքսով հանձնած գլյուկոզայի թեստը 140 մգ/դլ-ից բարձր արդյունք է բացահայտում, 30-ից բարձր մարմնի զանգվածի ինդեքս ունեք, ածխաջրերով հարուստ սնունդ ընդունելուց հետո գլխապտույտ եք զգում կամ շաքարախտի ընտանեկան պատմություն ունեք, խորուրդ է տրվում անմիջապես գլյուկոզայի տոլերանտության թեստ անցնել: Այն կարող է 2-5 ժամ տեւել` կախված այն հանգամանքից, թե հետազոտության որ տեսակն եք ընտրել: Եթե երկու ժամվա ընթացքում ցուցանիշը 140 մգ/դլ-ից չի իջնում, նշանակում է` նախաշաքարախտային վիճակում եք գտնվում, իսկ եթե 200-ից` ուրեմն այլեւս ոչ մի «նախա» ձեզ չի փրկի:
Ճարպերին եւս ուշադրություն դարձրեք
Մարդու օրգանիզմում HDL (լավ) խոլեստերինի քանակը պետք է 45 եւ 50 մգ/դլ-ի միջակայքում լինի, իսկ LDL (վատ) խոլեստերինի քանակը` 130 մգ/դլ-ից ցածր: Իսկ ահա տրիգլիցերիդների առավելագույն սահմանը պետք է 150 լինի:
Եթե սրտանոթային հիվանդության առաջացման ռիսկի գործոններ եք կրում` սրտի աշխատանքի հետ կապված որոշ բարդություններ, ընտանեկան պատմություն, արյան բարձր ճնշում ունեք կամ նույնիսկ ծխող եք` LDL-ի քանակը նույնիսկ ավելի ցածր` առավելագույնը 130 մգ/դլ պետք է լինի: Անպայման լիպիդային պրոֆիլի թեստ պահանջեք` LDL վտանգավոր ենթատեսակների կազմը պարզելու համար:
Բորբոքման ախտանշաններ փնտրեք
Զարկերակների բորբոքման արդյունքում սրտանոթային հիվանդությունների առաջացումը կանխելու համար արյան մեջ C-ռեակտիվ սպիտակուցի բաղադրությանը ուշադրություն դարձրեք:
Թեստը հանձնելու համար հարկավոր է միանգամայն առողջ վիճակում ներկայանալ: Բարձր զգայունությամբ զինված հետազոտությունն ի վիճակի է ամենաչնչին բորբոքումն անգամ ֆիքսել: Այնպես որ խորհուրդ է տրվել այն առնվազն երկու անգամ հանձնել` մեկ ամիս ընդմիջումով: 1 մգ/լ-ից ցածր ցուցանիշը դրական արդյունք է համարվում: 3 մգ/լ-ից բարձր արդյունքի դեպքում սրտի կաթված ստանալու ռիսկը կրկնակի բարձր է:
Շագանակագեղձը ստուգեք
Շագանակագեղձի քաղցկեղի դեմ արդյունավետ պրոֆիլակտիկ պայքար մղելու համար հարկավոր է սպեցիֆիկ անտիգենի` PSA-ի առկայությունը պարզել: Հարկ է նշել, որ PSA-թեստը ճշգրիտ արդյունքներ չի ապահովում, քանի որ այն կարող է, արտաքին գործոնների ազդեցությամբ, խաբուսիկ տվյալներ հաղորդել: Մասնավորապես, բարձր ցուցանիշը կարող է, ինչպես շագանակագեղձի փքման, այնպես էլ պրոստատիտ կոչվող վարակի առկայության նշան լինել: Ուստի այս պարագայում տենդենցը նույքան կարեւոր նշանակություն ունի, որքան ստատիկ ցուցանիշը: Ամեն տարի PSA-թեստ հանձնեք եւ նախորդի հետ համեմատեք` համոզվելու համար, որ հետագա հետազոտություններն ավելորդ են:
Վահանաձեւ գեղձի մասին էլ չմոռանաք
Վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրները կանանց եւ տղամարդկանց հավասարապես են սպառնում: Այս պարագայում հիմնական պատճառը սթրեսն ու քնի պակասն են: Բուժումն ուշացնելու դեպքում հիշյալ խնդիրներն այլ` առավել վտանգավոր հիվանդություններ առաջացնելու սպառնալիք են պարունակում:
Վահանաձեւ գեղձի հորմոնի (TSH) թեստը կփարատի ձեր բոլոր կասկածները` օրգանի աշխատանքի վերաբերյալ: Արդյունքների` նորմայից ցածր կամ բարձր լինելու պարագում բժիշկը կարող է հավելյալ T3 կամ T4 թեստեր նշանակել:






