Նոր հետազոտության համաձայն՝ սրտի արատ ունեցող բարձրռիսկային քիչ կանայք են ստանում ողջ անհրաժեշտ օգնությունը մինչեւ բեղմնավորումը, որպեսզի ավելանան հաջող հղիության շանսերը, տեղեկացնում է Reuters Health-ը։

Սրտի բնածին արատները, ինչպիսին են արատավոր անոթները, ծորացող փականները կամ ճեղքերը սրտամկանում, բնածին ամենատարածված արատներն են։ Այդ կառուցվածքային խնդիրները կարող են առաջ բերել այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են սրտի ռիթմի խանգարումը, շնչառության դժվարացումը, եւ կարող են պահանջել վիրաբուժական միջամտություն կամ սրտի փոխպատվաստում։

Թեեւ սրտի բնածին արատով ծնված աղջիկների մեծ մասն այսօր հասնում է մանկածնության տարիքի, հղիությունը կապված է բարդությունների հետ այդպիսի մայրերի եւ երեխաների համար։

Ռիսկն ավելի փոքր է, երբ կանայք անալիզներ են հանձնում բեղմնավորումից առաջ իրենց ռիսկը գնահատելու համար։ Բայց, ինչպես ցույց տվեց հետազոտությունը, սրտի այդ արատներով կանանց մոտ 1 տոկոսն է ստանում անհրաժեշտ միջոցները, որպեսզի հղիության բարդությունների ցածր ռիսկ ունենա։

Հետազոտողները տեղեկացնում են, որ այդ արատներն ունեցող կանանց մոտ 23 տոկոսը ոչ մի օգնություն չի ստացել հղիությունից առաջ։

«Դա կապված է այն բանի հետ, որ սրտի բնածին արատներն առավել տարածվածն են սրտի խնդիրների մեջ հղիության ժամանակ եւ կարող են խիստ ազդել մոր եւ պտղի վրա՝ երբեմն հանգեցնելով վիժման, բնածին արատների, վաղաժամ ծննդաբերության եւ ցածր քաշով նորածինների»,- ասել է դոկտոր Ուեյն Ֆրանքլինը Արիզոնայի համալսարանի Ֆենիքսի սրտի արատների մանկական հիվանդանոցից։

«Սրտի արատ ունեցող կանանց մոտ կարող են լինել խնդիրներ սրտի փականների, սրտի ռիթմի, թթվածնի ցածր պարունակության հետ կապված, որոնք կարող են դժվարացնել նրա հղիությունը»,- նշել է նա։

Արյան ծավալը հղիության ժամանակ ավելանում է 50 տոկոսով, որպեսզի օգնի պահել աճող երեխային։ Երբ կանայք սրտի արատ են ունենում, օրգանիզմի համար դժվար է հաղթահարել այդ հավելյալ ճնշումը։

Հորմոնալ փոփոխությունները հղիության ժամանակ կարող են ավելացնել նաեւ ոչ ռեգուլյար սրտի ռիթմի եւ արյան մակարդելիության ռիսկը։ Առողջ կանանց մոտ այդ փոփոխությունները սովորաբար խնդիր չեն, բայց սրտի կառուցվածքային ախտահարումներ ունեցող կանանց մոտ դա կարող է ավելացնել կաթվածի հավանականությունը։

Հղիությունից առաջ կոնսուլտացիաներն անհրաժեշտ են սրտի բարդ արատ ունեցող կանանց համար, որպեսզի նրանք հստակ պատկերացնեն, թե ինչպես կարող են սրտի անոմալիաներն ազդել իրենց սեփական առողջության եւ երեխայի առողջության վրա հղիության ժամանակ՝ համաձայն Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի ուղեցույցի, որը հրապարակվել է 2017 թվականին։

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 2524 հղիությունների մասին տվյալներ 2007-2013 թվականների համար, որոնց մեջ 2003 կին ունեցել է սրտի բնածին արատներ։

«Կանանց զգալի մասը կարող է չիմանալ, որ բարդ հղիության ռիսկային գոտում է»,- ասում է Շերի Ֆարը ԱՄՆ Ատլանտայի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից։

Խնդիրը մասամբ կարող է լինել այն, որ շատ կանայք, որոնք մանուկ հասակում դիմել են մասնագետներին սրտի հետ ունեցած խնդիրները լուծելու համար, դա չեն անում մեծ հասակում, ասել է Մերի Քանոբիոն UCLA Transitional Cardiac Program-ից։

«Նրանք վերադառնում են սրտաբանի մոտ միայն այն ժամանակ, երբ հայտնաբերում են, որ հղի են, եւ/կամ նրանց մանկաբարձն ասում է, որ նրանց հարկավոր է դիմել սրտաբանին»։

«Սրտի բնածին արատ ունեցող բոլոր կանայք պետք է տեղեկություն ստանան եւ քննարկեն խնդիրը սրտաբանի եւ/կամ հղիությանը հետեւող հիմնական բժշկի հետ,- ասել է Քանոբիոն։- «Հետազոտությունը ցույց է տալիս, որ դա տեղի չի ունենում բոլոր ուղղություններով, եւ անգամ սրտաբանի հսկողության ներքո կանայք միշտ չէ, որ ստանում են այդ տեղեկությունը մինչեւ հղիանալը»։