Շատերը ողջ օրվա համար անհրաժեշտ էներգիայի պակասից են բողոքում: Կյանքը լիովին ապրելու փոխարեն` հազիվ կարողանում են ծայրը ծայրին հասցնել, իսկ երեխաների, հարաբերությունների կամ հոբբիի համար ժամանակ այլեւս չի մնում, հիշեցնում է FoxNews-ը:
Հատկապես կանանց շրջանում տարածված համոզմունք կա, որ կյանքը 30 տոկոսով են վայելում` չնայած հետեւում են բոլոր խորհուրդներին` սննդակարգ չեն խախտում, անհրաժեշտ ծավալով հեղուկ են ընդունում եւ նորմալ քնում: Սակայն եթե այդ մարդկանց ամենօրյա ռեժիմը մանրազննին քննության առնելու լինենք, պարզ կդառնա, որ բոլորն էլ միատեսակ` անհրաժեշտ էներգիայից զրկող սխալներ են անում:
Ստորեւ 4 ամենատարածված մոլորություններն ենք ներկայացնում առ այն, թե ինչ է հարկավոր ձեր մարմնին` անհրաժեշտ էներգիա կուտակելու համար:
Ածխաջրատի նկատմամբ վախը ստվերել է սպիտակուցների կարեւորությունը
Ածխաջրատի նկատմամբ վերահսկողությունը միշտ էլ ողջունելի է, բայց չի կարելի մոռանալ, որ պատճառված բացն ինչ-որ կերպ լրացնել է պետք: Նախաճաշին միրգ կամ սալաթ ուտելով շատ բանի չեք հասնի: Մարդու օրգանիզմը որոշակի քանակով սպիտակուցներ ստանալու կարիք ունի: Այնպես որ, առավոտյան պրոտեիններով հարուստ շեյք ըմպելով, օրվա ընթացքում ոչ միայն շաքարի պարունակությունը նորմայի մեջ կպահեք, այլ նաեւ` էներգիա կապահովեք` կյանքը վայելելու համար:
Գլյուտենից, սոյայից եւ կաթնամթերքից զերծ` սպիտակուցներով հարուստ շեյքը օրը սկսելու հրաշալի միջոց է համարվում: Եթե շեյքի սիրահար չեք, տնից դուրս գալուց առաջ երկու ձվի սպիտակուց եւ պրոտեինի բարձր բաղադրությամբ սնունդ ընդունեք (առնվազն 20 գրամ):
Երկար ընդմիջումներով եք սնվում
Երկար ընդմիջումով` երեք ժամից ավել առանց սնուցման մնալու դեպքում օրգանիզմը սթրեսի է ընթարկվում եւ, ճգնաժամից խուսափելու համար, աշխատանքի դանդաղ ռեժիմի անցնում: Մասնավորապես, արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ տատանումներից խուսափելու համար, վերերիկամային գեղձերը սկսում են ավելի շատ կորտիզոլ արտադրել: Իսկ երբ դրանց պաշարն էլ ավարտվում է, ծայրահեղ ծանր եւ ուժասպառ վիճակում եք հայտնվում: Այնպես որ, որքան էլ ծանր լինի աշխատանքը, ընդմիջման մասին երբեք մի մոռացեք: Օրվա ընթացքում հինգ անգամ (երկուսը` թեթեւ) ընդունված սնունդը անհրաժեշտ էներգիա կապահովի ձեր օրգանիզմի համար:
Եթե սննդատեսակներից որեւէ մեկի նկատմամբ ալերգիա չունենք, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարող եք ընդունել
Սնունդի նկատմամբ զգայունությունը ալերգիայի հետ չի կարելի շփոթել: Մարդիկ կարծում են, որ եթե ելակ ուտելուց հետո շուրթերը չեն ուռչում, կամ եթե իրենց մոտ որեւէ այլ սննդատեսակի նկատմամբ ալերգիա չի ախտորոշվել, ուրեմն կարող են ուտել այն, ինչ սիրտն է ուզում:
Երբ այնպիսի սնունդ եք ընդունում, որի նկատմամբ բարձր զգայունություն ունեք, ի տարբերություն ալերգիայի, կարող եք ընդամենը քաշի կամ էներգիայի պակասորդ տալ, եւ դա այնքան դանդաղ է տեղի ունենում, որ ժամանակի ընթացքում դժվար թե պատճառահետեւանքային կապի մասին գլխի ընկնեք:
Ամենատարածված սննդատեսակները, որոնց նկատմամբ մարդիկ բարձր զգայունություն ունեն, գլյուտենն ու կաթնամթերքն են: Վաղուց արդեն ապացուցված է, որ գլյուտենը կարող է փքվածություն, միգրեն, հոգնածություն առաջացնել, իսկ որոշ մարդկանց մոտ էլ` աուտոիմունային համակարգի խանգարումների հանգեցնել: Կաթնամթերքը եւս, իր հերթին, կարող է ստամոքս-աղիքային խնդիրների եւ էներգիայի պակասի պատճառ դառնալ: Փորձեք երկուսից էլ հրաժարվել, եւ հնարավոր է` մեկ շաբաթ անց անհամեմատ լավ կզգաք ձեզ:
Կարծում եք` շաքարը միայն կոնքերի շրջագծի համա՞ր է վատ
Շատերը գիտեն, որ ավելորդ քաշից ազատվելու համար պետք է քաղցրեղենից հրաժարվել: Բայց դա շաքարից հրաժարվելու միակ պատճառը չէ: Շաքարախտ ձեռք բերելու դրամատիկ հեռանկարից բացի, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ տատանումները կարող են նաեւ մեծ ծավալով էներգիայի սպառման պատճառ դառնալ:






