Բոլորս գիտենք, որ մրգերն ու բանջարեղենը արտակարգ առողջարար հատկություններ ունեն: Դրանց օգնությամբ կարելի է, առանց կողմնակի ազդեցությունների, խոլեստերինի ավելցուկի, սրտային հիվանդությունների եւ քաղցկեղի դեմ պայքարել, հիշեցնում է Medical Daily-ն: Վերջերս գիտնականները մեկ այլ` էկզոտիկ, հյուսվածքային առումով կարտոֆիլի նմանությամբ «գերմիրգ» են հայտնաբերել: Խոսքը բրեդֆրութի մասին է:
Լատիներեն artocarpus altilis անունը կրող այս միրգը խաղաղօվկիանոսյան կղզիներում լայն տարածում ունի եւ տեսականորեն կարող է ողջ աշխարհը կերակրել: Զերծ լինելով գլուտենից, այն ածխաջրերի, սպիտակուցների, վիտամինների եւ միներալների հարուստ աղբյուր է հանդիսանում: ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալներով, մեկ բաժակ (220 գրամ) բրեդֆրութը 1070 մգ կալիում, 60 գ ածխաջուր եւ 2.4 գ սպիտակուց է պարունակում:
Միջինը 3 կգ կշիռ ունեցող մեկ բրեդֆրութը կարող է հինգ հոգուց բաղկացած ընտանիքի համար անհրաժեշտ ածխաջրերի ծավալ ապահովել կամ, սեզոնի ընթացքում, 200 կգ-ից ավել բերք տալ: Ուստի այս` էներգիայի, բջջանյութի եւ սպիտակուցների հարուստ պաշար ունեցող միրգը կարող է շրջադարձային ազդեցություն ունենալ աղքատ երկրներում երեխաների` թերսնման հետեւանքով մահացության մակարդակի վրա: Բացի այդ, այն կարող է սրտի կաթվածի ռիսկի գործոններ համարվող վատ խոլեստերինի եւ տրիգլիցերիդների մակարդակը կարգավորել:
Ներկայումս ջանքեր են գործադրվում` սննդի պակաս ունեցող երկրներում բրեդֆրութի ցանք ապահովելու համար: Մասնավորապես, մասնագետները փորձում են բրեդֆրութի ծառի` տարբեր կլիմայական պայմաններին հարմար եւ բերքի ու սպիտակուցների օպտիմալ համադրությամբ պատվաստներ ստանալ:






