29-ամյա կանադուհու քիթն ու կզակն անհասկանալի պատճառներով մեծանում էին։ Նրան մի քանի սխալ ախտորոշում էին կատարել, ընդհուպ մինչեւ դեպրեսիան, մինչեւ որ բժիշկները հայտնաբերեցին, որ փոփոխությունների պատճառն ուռուցքն է։

Ինչպես տեղեկացնում է MediaDrumWorld.com-ը, Ռեբեքա Չուրանը բախվել է քաշի, հոգնածության եւ ձեռքերի ու ոտքերի անբացատրելի մեծացման խնդրին, ինչը նրան արցունքների էր հասցնում։

«Այդ տարիների ընթացքում ես ավելի քան 10 բժշկի եմ այցելել։ Ես ասում էի բժիշկներին, որ դեմքս փոխվում է, եւ ես չեմ հասկանում, թե ինչու է քաշս ավելանում, քանի որ շատ քիչ եմ ուտում»։

Նրա արյան անալիզը ցույց տվեց, որ ֆիզիոլոգիական փոփոխությունների պատճառը հիպոֆիզի ուռուցքն է։

Հիպոֆիզի ուռուցքների մեծ մասը բարորակ է, եւ դրանք հաճախ ազդում են օրգանիզմում հորմոնների մակարդակի վրա։ Բոլոր ուռուցքները չէ, որ նման ախտանշաններ են առաջացնում, ամեն բան կախված է հորմոնի տեսակից։ Այնուամենայնիվ, այս ախտորոշումն ունեցող պացիենտների մոտ ախտանշանները կարող են ներառել կոշտ դիմագծերը, ձեռքի եւ ոտքի մեծացումը, բարձր քրտնարտադրությունը, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, սրտի խնդիրները, հոդացավերը, մարմնի մազածածկույթի ավելացումը։

Գոյություն ունեն հիպոֆիզի բուժման մի քանի մոտեցումներ, ներառյալ ուռուցքի հեռացումը կամ նրա աճի վերահսկումը դեղերի օգնությամբ։

Աղջիկը Ալբերտայում դիմել է էնդոկրինոլոգի օգնությանը, որն առաջարկել է հեռացնել ուռուցքը։

«Ուռուցքը հեռացնելուց հետո քիթս եւ կզակս սեղմվեցին, իսկ ոտքերս մեկուկես չափսով փոքրացան»,- ասել է նա MediaDrumWorld.com-ին։

Լուսանկարը՝ Media Drum World