Ալկոհոլի առողջարար հատկանիշների մասին մարդկությունը շատ վաղուց գիտի. դեռեւս մեր թվարկությունից դարեր առաջ այն որպես ախտահանող միջոց է կիրառվել: Իսկ ահա բոլորովին վերջերս, ավստրիացի եւ շվեդ գիտնականների համատեղ ջանքերով իրականացված երկու լայնածավալ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ոչ միայն գինին, այլ` ցանկացած տիպի ալկոհոլային խմիչք կարող է առողջարար լինել սրտի համար, հաղորդում է Medical Daily-ն:

«Այլեւս կասկած չի հարուցում, որ, կանոնավոր եւ փոքր ծավալներով ընդունելու դեպքում (օրական մեկ բաժակ` կնոջ եւ երկու բաժակ` տղամարդու համար), ցանկացած ալկոհոլային խմիչք կարող է սրտանոթային հիվանդություններից հեռու պահել մարդուն, սակայն չարաշահման դեպքում (4-5 բաժակից ավելի) հակադարձ պատկերն է նկատվում», - մեկնաբանել են հետազոտությունների երկու հեղինակներ` Ավստրիայում գտնվող Ինսբրուքի բժշկական համալսարանի նյարդաբաններ դոկտոր Ստեֆան Կիխլը եւ Ջոան Վիլլիտը:

Ալկոհոլի ազդեցությամբ որովայնային աորտայի անեւրիզմի առաջացման վարկածի հաստատման նպատակով` Շվեդիայում իրականացված հետազոտությանը 70 հազար տղամարդիկ եւ կանայք են մասնակցել: Արդյունքում պարզվել է, որ խմիչքի չարաշահումը կարող է հիշյալ հիվանդության` մարմնի ստորին հատվածին արյուն մատակարարող երակի լայնացման հանգեցնել:

Գիտնականների խոսքով, դեռեւս հավելյալ ուսումնասիրություններ են անհրաժեշտ` ալկոհոլի օգտագործման անվտանգ շեմը բացահայտելու համար:

Որովայնային աորտայի անեւրիզմը հիմնականում 60 տարեկանից մեծ տղամարդկանց մոտ է ի հայտ գալիս: Ծխողների եւ արյան բարձր ճնշմամբ տառապողների համար այն առավել լուրջ սպառնալիք է: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, ԱՄՆ-ում տարեկան 10 597 մարդ է այս հիվանդությունից մահանում: 

Նախկինում համոզմունք կար, որ ալկոհոլային խմիչքների հիմնական բաղադրիչը` էթանոլը միայն արյան մեջ ճարպաթթուների մակարդակը փոխելու հատկություն ունի` ի տարբերություն ֆերմենտացված խմիչքների` գինու եւ գարեջրի, որոնք առողջարար հատկություններ ունեն  (օրինակ` երակների պատերին առկա բորբոքումներն են նվազեցնում):

Ալկոհոլի չափավոր ազդեցությունը պարզելու նպատակով իրականացված վերլուծության համար 52 երկրներից ստացված տվյալներ են համեմատվել: Արդյունքում պարզվել է, որ սրտի կաթվածից մահանալու հավանակությունը որոշակիորեն` 13 տոկոսով ցածր է այն երկրներում, որտեղ ալկոհոլի օգտագործման ծավալները միջին ցուցանիշներ են կազմում, բացի Հնդկաստանից, Շրի Լանկայից, Պակիստանից եւ Բանգլադեշից:

Հարկ է նշել, որ այն մարդկանց, որոնք մինչ այժմ ալկոհոլ գրեթե չեն օգտագործել, ամենեւին խորհուրդ չի տրվում օրական մեր-երկու բաժակի անցնել: