Եթե որոշել եք սպիտակուցներով հարուստ սննդակարգի անցնել, մի մոռացեք, որ ածխաջրատների ծավալը եւս պետք է հաշվի առնել, հակառակ դեպքում սնուցման, մասնավորապես` բջջանյութի պակաս կարող եք զգալ: Այդուհանդերձ, վերջերս իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պրոտեինի բարձր բաղադրությամբ սննդակարգը անհամեմատ արդյունավետ միջոց է` հավելյալ կիլոգրամներից ազատվելու համար, տեղեկացնում է Medical Daily-ն:

Սիդնեյի համալսարանի պորֆեսոր Դեվիդ Ռուբենհայմերի խոսքով, ուսումնական հաստատության գիտահետազոտական խմբի անդամները շնակապիկների ցեղը ներկայացնող բաբուինների սննդակարգի համամետական վերլուծություն են իրականացրել` ի հակադրություն այն ուտեստների, որոնք  օրանգուտաններն ու սարդակապիկներն են ընդունում: Արդյունքում պարզվել է, որ բաբուինները, թեեւ օրվա ընթացքում ամենատարբեր ուտելիքներով են սնվում, ձեռք բերած էներգիայի 20 տոկոսը կարող են սպիտակուցների հաշվին գրանցել: Միեւնույն ժամանակ, կախված սեզոնային առանձնահատկություններից` հավասարակշիռ սննդակարգ ապահովելու համար, այս կենդանիները որոշակիորեն քիչ կամ շատ ածխաջրատներ ու ճարպեր են ընդունում:

«Սա վկայությունն է այն բանի, որ սնուցիչները միմյանցից անկախ չեն կարող գործել: Ուտելիքի սննդային արժեքը կալորիաների քանակով որոշելու դեպքում ախորժակ խթանող եւ էներգիա ապահովող ածխաջրատների, սպիտակուցների եւ ճարպերի ճիշտ համադրությունը հաշվի չի առնվում», - նշել է պրոֆեսոր Ռուբենհայմերը` հավելելով, որ այս պարագայում լավագույն կանոնը վերամշակված սննդամթերքից հրաժարվելն է: