2019 թվականին ամբողջ աշխարհում մեծ տարածում ուներ թեյի սունկը, կանեփի սերմերն ու այսպես կոչված լուսնային կաթը։ 2020-ին բոլոր այդ մթերքներն իրենց տեղը կզիջեն ամբողջովին բուսական մթերքներին՝ բանանի ալյուրին, լոբազգիներից մածուկին եւ հնագույն հացաբույսերին, որոնք դարերի ընթացքում անցել են նվազագույն սելեկցիա։ Այդպես է համարում Մեծ Բրիտանիայից նուտրիցիոնիստ Քրիսթեն Բեքը։

Նրա կարծիքով՝ 2020 թվականին առողջ սննդի հիմնական թրենդները կլինեն, մասնավորապես, բուսական սպիտակուցներն ու ամբողջովին բուսական դիետան։

«Անկախ նրանից՝ պատրաստվում եք արդյոք դուք դառնալ հարյուրտոկոսանոց վեգան կամ պարզապես ներառել ձեր սննդակարգում ավելի շատ բուսական մթերք, այդօրինակ սննդի կարեւորությունը կավելանա,-ասել է Քրիսթեն Բեքը, գրում է The Daily Mail-ը։-Բուսական մթերքները կարեւոր են ոչ միայն մեր առողջության, այլ նաեւ մոլորակի բարեկեցության համար։ Իհարկե, այդպիսի սնունդը չի կարելի համարել որպես նորույթ, սակայն այժմ զգալիորեն ավելի շատ մարդ կընտրի նվազագույն մշակման ենթարկված ամբողջական հատիկավոր մթերք եւ լոբազգիներ»։

Ըստ փորձագետի՝ այսօր արեւմտյան երկրներում մարդիկ չափազանց մեծ քանակությամբ միս են օգտագործում, եւ այդպես սնվելու բացասական ազդեցությունն ակնհայտ է դարձել։ Մինչդեռ ոչ բոլոր բուսական ծագման մթերքներն են օգտակար առողջության համար։ Առավելապես օրգանիզմին օգուտ են բերում բանջարեղենը, մրգերը, ընդեղենը, արեւածաղիկն ու ընկուզեղենը, ինչպես նաեւ չափավոր քանակությամբ ամբողջական հատիկավորները։