Մոլեկուլյար բժշկության ինստիտուտի եւ Իրվայնի Կալիֆոռնիական համալսարանի մասնագետները ստեղծել են աշխարհում առաջին պատվաստանյութը ամիլոիդային բծերի դեմ, որոնք առաջանում են Ալցհեյմերի հիվանդության ու ծերունական տկարամտության այլ տարատեսակների ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է EurekAlert!-ը, փորձերը մկների վրա հաջող են եղել, եւ մասնագետները նախատեսում են շուտով սկսել նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա։

Պատվաստանյութը, ինչպես բացատրում են գիտնականները, ուղղված է բետա-ամիլոիդային բծերի եւ տաու-սպիտակուցից կազմված նեյրոֆիբրիլյար փնջերի առաջացման դեմ։ Այդ ագրեգատներն են ուղեղում նեյրոդեգեներատիվ փոփոխությունների հիմնական պատճառը, որոնք հանգեցնում են իմացական խախտումների, ծերունական տկարամտության եւ մահվան։

Ալցհեյմերի հիվանդությունը արդիականության ամենավտանգավոր հիվանդություններից է, այն ախտահարում է տարեց մարդկանց եւ հանգեցնում կոգնիտիվ ֆունկցիաների լուրջ խախտումների։ Բուժման արդյունավետ միջոցներ եւ անգամ կանխարգելիչ հայեցակարգեր ներկայում չկան։