Եթե նիհարելու ցանկություն ունեք, հաջորդ անգամ հեռուստացույցը միացնելիս հոգեցունց թրիլլեր փնտրեք, քանի որ հետազոտությամբ պարզվել է՝ որքան հետաքրքիր է հաղորդումը, այնքան կանայք ավելի քիչ են բարձր կալորիականություն ունեցող սնունդ ընդունում, հաղորդում է The Daily Mail-ը:

Մյուս կողմից էլ՝ ձանձրալի շոուն կարող է անառողջ սննդի չափաբաժնի՝ 52 տոկոսով ավելացման հանգեցնել:

Շվեդիայում գտնվող Ուպսալայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները 18 կանանց խնդրել են երկու տարբեր հաղորդումներ՝ երկրում մեծ հեղինակություն վայելող քոմեդի-շոուի հերթական հեռարձակումը եւ արվեստի վերաբերյալ «ձանձրալի» դասախոսություն դիտել: Մասնակիցները միաժամանակ ընթրելու հնարավորություն են ունեցել:

Բացի այդ, որպես համեմատական գործիք, նրանց մեկ այլ տեսակի՝ կրկին «ձանձրալի» գործողություն՝ Շվեդիայում տարածված միջատների մասին պատմող հոդվածի ընթերցանություն է առաջարկվել:

Արդյունքում պարզվել է, որ ձանձրույթ պատճառող ցանկացած զբաղմունք կանանց մոտ անառողջ սնունդ ընդունելու անհագուրդ ցանկություն է հրահրում:

Փորձագետների համոզմամբ, երեւույթը ձանձրույթի ավելցուկը չեզոքացնելու նպատակ է հետախնդում: Ուստի երեկոյան հեռուստացույցի առաջ հարմար տեղավորվող կանանց խորհուրդ է տրվում, ամեն դեպքում, ձեռքի տակ եւ տեսադաշտում սահմանափակ սնունդ թողնել: Հատկապես, եթե խոսքը բարձր կալորիականություն ունեցող ուտեստների մասին է: