Huffington Center On Aging-ից բժիշկե Այսա Սենա Մութլուի մոտ ծագել է հետաքրքիր հարց․ կարելի՞ է արդյոք փոխել օրգանիզմում ճարպի կուտակումն առանց սննդակարգում սովորությունները փոփոխելու։
Eurek Alert-ի հաղորդմամբ՝ Բժիշկ Մութլուն եւ նրա գործընկերները հետազոտել են այդ խնդիրը C. Elegans որդերի վրա։ Գիտնականներին հետաքրքրել է՝ կարո՞ղ են արդյոք նեյրոնները, ուղարկելով ազդանշաններ, փոխել ճարպերի մետաբոլիզմը մարմնում, եթե չկան փոփոխություններ սննդակարգում։ Հետազոտությունը բացահայտել է մետաբոլիզմի եւ հոտառության հետաքրքիր կապ։
Ինչպես հայտնի է, հոտառության նեյրոնները փոխանցում են տեղեկատվությունը բջիջներին, որոնք մեկնաբանում են այն ուրիշ նեյրոններով եւ հյուսվածքներով կառավարելու համար։ Որդն ունի երեք զույգ հոտառական նեյրոններ, եւ դրանք օդում հայտնաբերում են հոտեր։ Որոշ հոտեր ընտրողաբար ակտիվացնում են կամ կանգնեցնում են մեկ հոտառական նեյրոնի ակտիվությունը, իսկ մյուս հոտերը՝ խթանում մի խումբ նեյրոններ։
Հետազոտողները ստուգել են որդերի վրա մի քանի հոտերի ազդեցությունը։ Պարզվել է, որ միայն որոշակի հոտեր են դինամիկ կերպով կարգավորում ճարպային հյուսվածքի մետաբոլիզմը՝ փոխազդելով սպեցիֆիկ հոտառական նեյրոնների հետ սպեցիֆիկ ռեցեպտորների միջոցով։
Օպտոգենետիկայի մեթոդի միջոցով (բջիջները նշվում են մարկերով, որի վրա կարելի է ներազդել լույսի միջոցով) ազդելով այդ նեյրոնների վրա՝ գիտնականներին հաջողվել է փոքրացնել եւ մեծացնել ճարպի կուտակումը փորձարկվող էակների մոտ։ Պարզվել էր նաեւ, որ այդ նեյրոններն ազդում են նյարդային եւ նեյրոէնդոկրինային ուղու վրա ուղղակիորեն ճարպի մետաբոլիզմը կարգավորելու համար։
Գիտնականների խոսքով՝ ավելի շատ հետազոտություններ են պետք միեւնույն մեխանիզմը մարդկանց մոտ հաստատելու համար, սակայն կարելի է ենթադրել, որ կան հոտեր, որոնք կարող են ազդել ճարպային հյուսվածքի մետաբոլիզմի վրա մարդկանց շրջանում։






