Շանհայում մեկնարկել է JS016 դեղամիջոցի կլինիկական փորձարկումների առաջին փուլը, որը պարունակում է COVID-19 հիվանդություն առաջացնող կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմիններ: Այս մասին հայտնում է Shanghai Daily-ն:

JS016 դեղամիջոցը մշակել են Shanghai Junshi Biosciences դեղագործական ընկերությունը եւ Չինաստանի գիտությունների ակադեմիային առընթեր Մանրէաբանության ինստիտուտը: Դեղամիջոցը հիմնված է առողջացած պացիենտների արյունից վերցված հակամարմինների վրա: Այն ստեղծվել է առաջավոր տեխնոլոգիաների օգտագործմամբ, ներառյալ առանձին բջիջների սեքվենիրացումը եւ հոսքային բջջաչափումը:

Անցած հանգստյան օրերին Չինաստանի դեղամիջոցների հսկման եւ վերահսկման պետական վարչությունը այս դեղամիջոցի կլինիկական փորձարկումների առաջին փուլը սկսելու թույլտվություն է տվել: Կիրակի առավոտյան «Հուաշան» հիվանդանոցում JS016-ի ներերակային ներարկում է կատարվել առողջ կամավորների խմբին: Փորձարկումների առաջին փուլի նպատակն է ստուգել դեղամիջոցի անվտանգությունը եւ իմունագենությունը, ինչպես նաեւ թեստավորել, թե այն ինչ կերպ է մտնում օրգանիզմ եւ դուրս գալիս, ինչպես է իրեն պահում ընդունողի մարմնում:

Ավելի վաղ կապիկների վրա կատարված փորձերը ցույց ենտվել, որ JS016-ը կարող է խոչընդոտել բջիջների մեջ կորոնավիրուսի թափանցմանը:

«Փորձարկումների 4 մասնակիցներ դեղամիջոցի ներարկումից հետո լավ վիճակում են: Մենք մտադիր ենք խստորեն հետեւել փորձարկումների անցկացման ծրագրին: Արդյունքները մեզ կօգնեն հետագա կլինիկական թեստեր անցկացնելիս որոշում ընդունել վարակված մարդկանց համար ճիշտ դեղաչափի վերաբերյալ»,- ասել է «Հուաշան» հիվանդանոցի պրոֆեսոր եւ բժիշկ Չժան Ցզինը:

Նա, սակայն, չի նշել, թե երբ պատրաստ կլինեն ներկայիս հետազոտության արդյունքները:

Shanghai Junshi Biosciences ընկերությունից իրենց հերթին հույս են հայտնել, որ դեղամիջոցը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն վարակակիրներին բուժելու, այլեւ առողջ մարդկանց վարակումը կանխարգելելու համար, հատկապես ավագ տարիքային խմբում գտնվող մարդկանց եւ բուժաշխատողների, որոնք աշխատում են վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: