Օգոստոսի 15-ին Ամերիկայի ամենածեր բնակիչ Էսթեր Ֆորդն իր 116-ամյակը նշել է 12 երեխաների, 68 թոռների, 125 ծոռների եւ 120 թոռան ծոռների շրջապատում,  հայտնում է Unilad-ը։ 

Էսթեր Ֆորդը ծնվել է Հարավային Կարոլինա նահանգի Լանքասթեր շրջանում եւ վերապրել է 2 համաշխարհային պատերազմներն ու 2 համավարակներ։

Այդ օրը բոլոր ծանոթներն անցել են Էսթերի տան մոտով՝ նշելու նրա տարեդարձը, COVID-19 համավարակի պայմաններում պահպանելով հոբելյարի անվտանգությունը։

Կնոջ իսկական տարիքը բազմաթիվ վեճերի թեմա է։ Ծննդյան վկայականի համաձայն՝ նա ծնվել է 1905 թվականին, սակայն ըստ այլ փաստաթղթերի՝ Էսթերի ծննդյան տարեթիվն է 1904-ը։

Այդուհանդերձ, անկախ այն հանգամանքից նա դարձել է 115 թե 116 տարեկան, ըստ Հետազոտությունների գերոնտոլոգիական խմբի տվյալների՝ Էսթերը Ամերիկայի ամենածեր բնակիչն է։

Էսթերը չի կարող ասել, թե ինչու է այդքան երկար ապրում։ Այդ հարցին պատասխանելիս նա մշտապես ասում է․ «Ես ուղղակի ճիշտ եմ ապրում։ Ահա եւ ամենը»։