Գիտնականները պարզել են, որ նոր կորոնավիրուսի փոխանցումը կրծքի կաթի միջոցով քիչ հավանական է: Հետազոտության համար վերցրել են կրծքի կաթի 64 նմուշ, որը հավաքվել է Mommy's Milk Human Milk Research-ի 18 ամերիկացի կանանցից, ովքեր ծննդաբերել են սուր շնչառական համախտանիշով, որն առաջացել է COVID-19-ից:

Նոր կորոնավիրուսը հայտնաբերվել է միայն մեկ նմուշում, ընդ որում՝ հետագա թեսթերը ցույց են տվել, որ վիրուսը չի կարող անցնել կրծքի կաթի մեջ եւ, հետեւաբար, նորածնի մոտ վարակ չի առաջանում, հաղորդում է Medportal.ru-ն:

Հետազոտության ընթացքում գիտնականները նաեւ մոդելավորել են Հոլդերի մեթոդով կրծքի կաթի պաստերիզացման գործընթացի պայմանները՝ այս մեթոդը օգտագործում են ՄԻԱՎ վարակ ունեցող կանայք, ինչպես նաեւ նրանք, ովքեր երեխային կերակրում են դոնորային կրծքի կաթով: Հետազոտողները 2 չվարակված կանանց կրծքի կաթի նմուշներին ավելացրել են SARS-CoV-2 կորոնավիրուս, 30 րոպե տաքացրել են այն մինչեւ 62,5°C, այնուհետեւ հովացրել մինչեւ 4°C: Պաստերիզացումից հետո ոչ մի նմուշում վիրուս չի հայտնաբերվել:

«Կրծքով կերակրման միջոցով վարակվելու հավանականության վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով կորոնավիրուսով վարակված որոշ կանայք գերադասել են պարզապես չկերակրել կրծքով: Հուսով ենք, որ մեր ուսումնասիրության արդյունքները վստահություն կհաղորդեն երիտասարդ մայրերին, քանի որ կրծքով կերակրումը անգնահատելի օգուտներ է բերում ինչպես մորը, այնպես էլ ներեխային» - ասում են հետազոտության հեղինակները:

Ընդ որում՝ ամբողջ աշխարհի գիտնականները չեն բացառում մորից նորածին երեխային վարակի փոխանցման այլ եղանակները: Օրինակ՝ հուլիսի կեսերին Ֆրանսիայից ժամանած բժիշկները կորոնավիրուսի ներարգանդային փոխանցման կլինիկական դեպք են նկարագրել: