Պենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) Պերելմանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառը: Նրանք պարզել են, որ ֆենոտիպիկորեն նորմալ բջիջի` չարորակ բջիջի վերափոխումը երկու հիմնական տարր է ենթադրում` հակաօքսիդիչ պաշտպանություն եւ նուկլեոտիդների սինթեզ: Սա նկարագրված է Cell Metabolism գիտական ամսագրում:
Գեները, որոնց գերակտիվությունը քաղցկեղ է հրահրում, որոշ բջիջների ստիպում են ակտիվորեն պայքարել թթվածնի ակտիվ ձեւերի դեմ եւ նյութեր սինթեզել, որոնք օգնում են բջիջին ողջ մնալ եւ արագ աճել:
Հետազոտոթւյան ընթացքում գիտնականները G6PD գենին «ստիպել» են ավելցուկային քանակությամբ գլյուկոզա-6-ֆոսֆատդեհիդրոգենազներ արտադրել մկների եւ մարդկանց բջիջներում: Այս ֆերմենտն ակտիվ է օրգանիզմի գրեթե բոլոր բջիջներում եւ մասնակցում է ածխաջրերի բնականոն նյութափոխանակությանը: Ինչպես պարզվել է, G6PD-ի միայն գերարտահայտումը մարդկային բջիջները քաղցկեղային բջիջների է վերածել եւ ուռուցքների է հանգեցրել մկների մոտ:
Ըստ գիտնականների` G6PD-ն խթանում է նիկոտինամիդադենինդինուկլեոտիդֆոսֆատի (NADPH) արտադրությունը, որը չափազանց կարեւոր կոֆերմենտ է օքսիդավերականգնողական բալանսի (որը կանխում է բջիջների վնասումը եւ մահը), ինչպես նաեւ մեծ թվով նուկլեոտիդների նախորդների պահպանման համար: Սա հաստատում է, որ հակաօքսիդիչներն իրականում աջակցում են ուռուցքի աճին, այլ ոչ թե նվազեցնում են այն: Բացի այդ, միացությունները, որոնք արգելափակում են նուկլեոտիդների կենսասինթեզը, ամենաարդյունավետ քիմիաթերապեւտիկ դեղամիջոցներից են քաղցկեղի դեմ:






