Շների տերեր մոտ SARS-Cov-2 կորոնավիրուսով վարակման ռիսկը 78 տոկոսով ավելի բարձր է նրանց համեմատ, ովքեր ընտանի կենդանիներ չունեն: Այս անսպասելի հայտնագործությանն են հանգել իսպանացի գիտնականները Գրանադայի համալսարանից եւ Անդալուսիայի հանրային առողջության դպրոցից:
Հետազոտության շրջանակներում նրանք հարցում են անցկացրել Իսպանիայի 2086 բնակչի շրջանում, որոնց խնդրել են հարցաթերթիկ լրացնել եւ մանրամասն տեղեկություններ տրամադրել գարնանային լոքդաունի ընթացքում իրենց հիգիենայի սովորությունների եւ ապրելակերպի մասին:
Medportal.ru-ի փոխանցմամբ` հետազոտողները վերլուծել են այն գործոնները, որոնք կարող են ազդել վարակման ռիսկի վրա եւ պարզել են, որ շների հետ ապրելը եւ պարբերաբար զբոսնելը նրանց հետ կապված են վարակման ռիսկի 78 տոկոսով աճի հետ:
Մինչ օրս չկա որեւէ ապացույց, որ ընտանի կենդանիները կարող են վիրուսը փոխանցել մարդկանց: Ուստի գիտնականները կարծում են, որ շների տերերի մոտ վարակման մեծ ռիսկը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ զբոսանքների ժամանակ ընտանի կենդանիները դիպչել են աղտոտված մակերեսներին եւ լիզել դրանք, ինչից հետո վարակը բերել են տուն:
Չի կարելի բացառել նաեւ կենդանու կղանքի միջոցով վիրուսը մարդուն փոխանցելու հավանականությունը, ուստի շների զբոսանքի համար նախատեսված տարածքները կարող են վարակի տարածման հավանական աղբյուր դառնալ: Չնայած դրա ապացույցներ դեռ չկան, գիտնականները կարծում են, որ շների տերերը պետք է մեծ ուշադրություն դարձնեն հիգիենային իրենց կենդանիների հետ զբոսնելիս եւ դրանից հետո:






