ԻՏՄՕ համալսարանից եւ Տորոնտոյի համալսարանից գիտնականները հիդրոգել են մշակել, որը պայքարում է կայուն մանրէների դեմ եւ նպաստում վերքերի բուժմանը:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ մասնագետները կենսանյութեր են օգտագործել վիրակապեր ստանալու համար: Հետազոտության շրջանակներում ստեղծված հիդրոգելը միաժամանակ արագացնում է վերքերի բուժումը, զսպում մանրէների բազմացումը, ինչպես նաեւ ազդանշում վերքերի վրա վիրակապը փոխելու անհրաժեշտության մասին:
Նյութի հիմքում ընկած են մոդիֆիկացված նանոբյուրեղյա ցելյուլոզա եւ ժելատին: Միեւնույն ժամանակ, ցելյուլոզայի եւ ժելատինի կիրառումը թույլ է տալիս ստեղծել վերքը պաշտպանող շերտ: Այդ շերտի տակ ձեւավորվում է որոշակի միջավայր, որը բարենպաստ է հյուսվածքների ռեգեներացիա համար: Գելի շերտը փափուկ է եւ խոնավ, ինչը նշանակում է, որ այն չի ձգի վերքը եւ հավելյալ չի վնասի:
«Այն բանի հաշվին, որ ցելյուլոզան ունակ է կլանել երկաթի իոնները, որոնք նաեւ սննդանյութ են հանդիսանում մանրէների զարգացման համար, նոր նյութը կանխում է վարակի զարգացումը: Գելի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթով ազդեցությամբ մենք կարողացել ենք տեսնել սպեկտրի կապույտ տիրույթում ճառագայթումը: Եթե վիրակապը դեռ ամբողջությամբ չի սպառել իոնների սորբցիայի հնարավորությունը, բժիշկը ստանում է օպտիկական արձագանք, իսկ եթե ցելյուլոզան ամբողջությամբ ծածկվել է իոններով, ապա նման պատասխան չի լինի»,-ասել է ԻՏՄՕ քիմիական-կենսաբանական կլաստերի դոցենտ Ելենա Կրիվոշապկինան:






