Սոխը ոչ միայն կարող է շնչառությանը տհաճ հոտ հաղորդել եւ արցունքներ բերել աչքերից, այլ նաեւ՝ ուտեստներին յուրահատուկ համ հաղորդել: Բացի այդ էլ, հում վիճակում այն մի շարք թերապեւտիկ եւ հակաբակտերիալ հատկություններով է աչքի ընկնում, որոնց շնորհիվ կարող է օրգանիզմը տոքսիններից, երբեմն էլ՝ հիվանդություններից զերծ պահելու հնարավորություն ընձեռել, հաղորդում է Medical Daily-ն:

Առողջապահական ոլորտի փորձագետները հաճախ են սոխի օգտակարության նկատմամբ ուշադրություն հրավիրում: «Սոխը մեծ քանակությամբ՝ 100-ից ավել ծծբային միացություններ է պարունակում, որոնք ոչ միայն ճանաչելի հոտի արտազատման համար են պատասխանատու, այլ կարող են նաեւ դետոքսիկացիայի, տարատեսակ հիվանդությունների՝ սկսած շաքարախտից մինչեւ սրտանոթային խանգարումներ, կանխարգելման եւ բուժման հզոր միջոց ծառայել», - նշել է դոկտոր Ջոնաթան Ստեգալը, ով այլընտրանքային բժշկության ջատագովներից մեկն է համարվում:

Ստորեւ 5 հիվանդություն ենք ներկայացնում, որոնց դեմ սոխի օգնությամբ կարելի է պրոֆիլակտիկ պայքար մղել.

1. Ասթմա

Սոխն իր բաղադրիչներից մեկի՝ ազդեցության առումով անտիհիստամինի նմանությամբ աչքի ընկնող կվերցետինի շնորհիվ կարող է հակաբորբոքային միջոց ծառայել: Մասնավորապես, լաբորատոր փորձարկումների արդյունքում ապացուցվել է, որ կվերցետինը իմունային համակարգին հիստամինների՝ ալերգիկ ռեակցիա առաջացնող քիմիական միացությունների արտազատումից զերծ պահելու հատկություն է դրսեւորում: Հենվելով ստացված արդյունքների վրա՝ գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ բանջարեղենի այս տեսակը կարող է նաեւ ասթմայի դեմ բուժման միջոց ծառայել:

Այդուհանդերձ, վերոհիշյալ եզրահանգման հաստատմանը միտված որեւէ հետազոտություն դեռեւս չի իրականացվել:

2. Քաղցկեղ

Սոխը, քրքումի հետ միասին օգտագործման պարագայում, կարող է քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնելու միջոց ծառայել: Ինչպես 2006թ.-ին իրականացված հետազոտության արդյունքներն են վկայում, բանջարեղենի եւ ծաղկաբույսի հիշյալ տեսակների համատեղ ազդեցությամբ մարդու աղիներում կուտակված նախաքաղցկեղային մասնիկների չափերի եւ քանակի, հետեւապես էլ՝ հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականության նվազեցում է նկատվում:

3. Շաքարախտ

Սոխի բաղադրության մեջ մտնող հիմնական եթերայուղը՝ ալիլ պրոպիլ դիսուլֆիդը ինսուլինի արտազատում խթանելու եւ արյան մեջ շաքարի բաղադրությունը նվազեցնելու հատկություն ունի: Ինսուլինը, որը նույնպես դիսուլֆիդ է, մրցակցության մեջ է մտնում սոխի եթերայուղի հետ՝ լյարդում կապնվելու համար, ինչը բերում է արյան մեջ ազատ ինսուլինի բարձր կոնցենտրացիայի, ինչն էլ իր հերթին նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը։

4. Սրտային հիվանդություններ

Սննդամթերքի՝ ոռողջության համար օգտակար տեսակները թվարկելիս հազիվ թե սոխի մասին հիշեք: Այդուհանդերձ, 2007թ.-ին իրականացված հետազոտությամբ ապացուցվել է, որ բանջարեղենի այս տեսակի բաղադրության մեջ առկա կվերցետինը արյան ճնշումը կարգավորելու ներուժ ունի եւ, սրտի առողջության պաշտպանության տեսանկյունից, նույնիսկ կարմիր գինուց էլ օգտակար հատկություններ է դրսեւորում: «Սոխը զարկերակները կոշտացումից զերծ եւ ճկուն պահելու հրաշալի միջոց է հանդիսանում», -  նկատել է դոկտոր Ստեգալը:

5. Ատամների քայքայում

Հում սոխը նաեւ ատամների առողջության համար է օգտակար: Օրական ընդամենը 2-3 րոպե ծամելով՝ կարող եք բերանի խոռոչում առկա բոլոր վնասակար մանրէներից ազատվել եւ ատամների ամրությունն ապահովել:

Վերոհիշյալ հիվանդությունների խուսափելու համար, ընդհանուր առմամբ, հարկավոր է օրական մեկ գլուխ սոխ ընդունել: