Նեղ միջանցքներում օդի հոսանքը նպաստում է փռշտացող կամ հազացող մարդուց կորոնավիրուսի տարածմանը: Եթե մարդիկ միջանցքով արագ են քայլում, օդի հոսանքը կարող է  վիրուսով կաթիլները տեղափոխել բավականին մեծ հեռավորությամբ: Այսպիսի եզրակացության են հանգել Ֆիզիկայի ամերիկյան ինստիտուտի գիտնականները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է Physics of Fluids ամսագրում:

Գիտնականները հետազոտության ժամանակ մոդելավորել են մի քանի իրավիճակներ եւ պարզել, որ վարակված մարդը միջանցքում իր հետեւում վարակված կաթիլների «հետք» է թողնում գրեթե իրանի մակարդակով: Նրա թիկունքում կարող է առաջանալ նաեւ օդում կախված վիրուսների ավելի խիտ «պղպջակ»: Բարձրահասակ մարդկանց դեպքում այդպիսի միջանցքում վարակվելու հավանականությունը բավականին ցածր է, բայց երեխաները, որոնք ավելի ցածրահասակ են, մեծ հավանականությամբ կվարակվեն ախտածինով, որի մասնիկները գտնվում են հենց դեմքի մակարդակում:

Երբ վարակված մարդն անցնում է եւ իր հետեւում որոշակի հեռավորությամբ թողնում է այդպիսի շրջանառվող ամպ, 5 վայրկյանի ընթացքում վիրուսով կաթիլների խտությունը բավականին բարձր է լինում: Գիտնականների կարծիքով՝ սա հիմք է տալիս հանձնարարելու վերանայել նեղ միջանցքներում սոցիալական հեռավորության պահպանման կանոնները: