Բժիշկները երբեմն բարձր զարկերակային ճնշման դեղորայքային բուժում են նշանակում պացիենտների, որոնք հիվանդանոցում են հայտնվում ոչ սրտի կամ անոթների հիվանդությունների պատճառով: JAMA Internal Medicine-ում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդպիսի ոչ պլանային միջամտությունը կարող է ավելի շատ վնաս, քան օգուտ տալ:

Մասնագետներն ուսումնասիրել են Քլիվլենդի կլինիկայի մոտ 23 հազար պացիենտների տվյալները, որոնց մոտ սրտաբանական ախտորոշումներ չեն եղել, եւ որոնք զարկերակային ճնշման խիստ վերահսկման կարիք ունեին:

Զարկերակային ճնշումը սնդիկի սյան 140 մմ-ից վեր է բարձրացել հետազոտության շուրջ 18 հազար մասնակիցների մոտ: Նրանց մի մասը ի պատասխան ճնշման բարձրացման բուժում է ստացել հիպերտոնիայի դեմ դեղամիջոցներով, իսկ մնացյալը նման բուժում չի ստացել:

Պացիենտների շրջանում, որոնք իրենց չանհանգստացնող հիպերտոնիայի դեմ դեղեր են ստացել, զգալիորեն բարձր է երիկամների եւ սրտամկանի վնասվածքների զարգացման հավանակությունը՝ նրանց համեմատությամբ, ովքեր նման բուժում չեն ստացել:

«Գոյություն ունի հոսպիտալացված պացիենտի ճնշումը «կարգավորելու» գայթակղություն (քանի որ ուղղակի կարող ես): Բոլոր հիվանդանոցներում այս պրակտիկան շատ տարածված է: Երբեք չեն եղել ապացույցներ, որ նման բուժումը կապված է որեւէ բարելավման հետ: Հետազոտությունը ցույց է տալիս, որ այն կարող է կապված լինել երկարաժամկետ վնասի հետ»,- ասել է Ռոչեսթերի համալսարանի Բժշկական կենտրոնից Ջոն Բիսոգնանոն, որը հետազոտությանը չի մասնակցել:

Նա հավելել է, որ այդպիսի դեղորայքային միջամտությունները հանգեցնում են դեղերի քանակության ավելացման, որոնք պացիենտներն ընդունում են դուրս գրվելուց հետո:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մեծ մասամբ բարձր զարկերակային ճնշումը հաջորդ անգամ չափելիս նվազագույնը սնդիկի սյան 20 մմ-ով ցածր է եղել: Գիտնականների խոսքով՝ բուժմանը կարող էր փոխարինել առաջին անգամ ճնշումը չափելուց հետո 4 ժամ անց երկրորդ անգամ չափումը, քանի որ յուրաքանչյուր երրորդ պացիենտի մոտ նման բարձրացումը կարճաժամկետ է:

Հետազոտության համաձայն՝ դուրս գրվելիս միջին վերին ճնշումը 140-ից ցածր է եղել հիպերտոնիայի դեմ բուժում ստացած եւ չստացած պացիենտների երկու խմբում մեծ մասի մոտ: