Շաքարը, այլ ոչ թե ճարպն է պատճառը, որ շատ քաղցրավենիքներ անառողջ են, պնդում է նոր հետազոտությունը: Հետազոտողները հսկել են ավելի քան 100 անչափահասների ուղեղի ակտիվությունն այն ժամանակ, երբ նրանք նույն կալորիականությամբ շոկոլադի համով կաթնային կոկտեյլ են խմել, որը պարունակում էր շատ շաքար եւ քիչ ճարպ, կամ շատ ճարպ ու քիչ շաքար:
Երկու տիպի կոկտեյլներն էլ ակտիվացրել են ուղեղում հաճույքի կենտրոնները, մինչդեռ շաքարի բարձր պարունակությամբ կոկտեյլները դա ավելի արդյունավետ են արել:
«Մենք շատ միջոցներ ենք ձեռնարկում ճարպակալումը կանխարգելելու համար, ընդ որում, ոչ միայն այս աշխատանքից, այլ նաեւ ընդհանուր գրականության տվյալներից ակնառու է, որ ինչքան շատ շաքար եք դուք ուտում, այդքան ավելի շատ եք ուզում»,- The Times ամսագրին տված հարցազրույցում ասել է Օրեգոնի հետազոտական համալսարանի ավագ գիտաշխատող, հետազոտության առաջատար հեղինակ Էրիկ Սթայսը, տեղեկացնում է Newsmax Health-ը:






