Հետազոտությամբ պարզվել է, որ պանրի մի շարք տեսակներ, ներառյալ Կիպրոսից ներմուծվող հալումին, կապույտ պանիրը եւ հունական ֆետան, ծովի ջրից էլ շատ աղ են պարունակում, ինչը չի կարելի տեղական պանրի մասին ասել:
Աղի բարձր բաղադրությամբ է աչքի ընկնում նաեւ բրիտանացիների շրջանում մեծ հեղինակություն վայելող չեդար պանիրը, հաղորդում է The Daily Mail-ը:
Մեծ Բրիտանիայի ամենաառաջնակարգ 6 սուպերմարկետներում վաճառվող պանրի ավելի քան 600 տեսակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց մեջ առկա աղի միջին բաղադրությունը 100 գրամի դիմաց 1,7 գրամ է կազմում:
Հալումիի եւ կապույտ պանրի պարագայում ցուցանիշը 2,7 գրամ է հաշվարկվել, իսկ ֆետա պանրի դեպքում՝ 2,5 գրամ:
Պանրի սփրեդը, որ գլխավորապես երեխաների սննդակարգի մաս է կազմում, կարող է մինչեւ 1,88 գրամ աղ պարունակել, իսկ ահա սովորական պանրի մեջ աղի բաղադրությունը 100 գրամի դիմաց 0,55 գրամի սահմանաչափը չի անցնում:
Հետազոտության հեղինակները աղի բարձր բաղադրութամբ պանրից հրաժարվելու քարոզարշավ են մեկնարկել՝ պնդելով, թե դրանք առողջության համար մեծ վտանգ են ներկայացնում:
Բրիտանացիների սննդակարգում պանիրը աղի 10 ամենամեծ աղբյուրներից մեկն է համարվում. երկրի միջին քաղաքացին տարեկան 9 կգ պանիր է սպառում:
Աղի ավելցուկը կարող է արյան բարձր ճնշման, սրտանոթային խանգարումների եւ ինսուլտի առաջացման հանգեցնել:






