Լավ նորություն ունենք պանրի սիրահարների համար: Ինչպես վերջերս բրիտանացի գիտնականներն են պարզել, կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի եւ յոգուրտի մեջ առկա հագեցած ճարպերը կարող են երկրորդ տիպի շաքարախտի  դեմ պրոֆիլակտիկ պայքարի արդյունավետ միջոց ծառայել:

Քեմբրիջի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի եւ բժշկական հետազոտությունների բրիտանական խորհրդի անդամներն ութ եվրոպական երկրների ավելի քան 340 հազար բնակիչների սննդակարգն են ուսումնասիրել՝ հագեցած ճարպերի եւ շաքարախտային հիվանդությունների առաջացման միջեւ կապի առկայությունը բացահայտելու համար: Հետազոտությամբ հաստատվել է, որ մինչ կարմիր մսամթերքը, տապակած ուստեսները, ալկոհոլը եւ ածխաջրատների չարաշահումը կարող են երկրորդ տիպի շաքարախտ առաջացման հանգեցնել, կաթնամթերքի վերոհիշյալ տեսակները տրամագծորեն հակառակ ազդեցությունն են ապահովում, հաղորդում է NewsMax Health-ը: 

«Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ հագեցած ճարպաթթուները դիֆերենցիալ ազդեցություն ապահովելու հատկություն ունեն: Մինչ այժմ համարվում էր, որոնք դրանք կարող են խոլեստերինի բարձր մակարդակ, սրտանոթային հիվանդություններ եւ երկրորդ տիպի շաքարախտ հրահրել, սակայն փաստերն այլ բան են մատնանշում. միանշանակ պարզ է, որ գոնե չափավոր օգտագործման դեպքում վնասակարության մասին խոսք անգամ չի կարող լինել», - նշել է համալսարանին կից՝ բժշկական հետազոտությունների խորհրդի համաճարակաբանության բաժնի աշխատակից, հետազոտության ղեկավար դոկտոր Նիտա Ֆորուհին: