Մարդիկ, ովքեր պանիրներ եւ հագեցած ճարպերով այլ սննմդամթերքներ են օգտագործում, կարող են ավելի քիչ տառապել պանկրեատիտից: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել Մայոյի կլինիկայի, Սենթ Լուիսի եւ Վաշինգտոնի համալսարանների հետազոտողները:

Ինչպես պատմում է Medical Express-ը, հագեցած ճարպերը դրանք այն ճարպերն են, որոնք պարունակվում են մսի, կարագի, պանրի եւ այլ մթերքների մեջ: Չհագեցած ճարպերը պարունակվում են բույսերի եւ ձկների մեջ: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում հագեցած ճարպերի քանակի կրճատումը բարենպաստ ազդեցություն ունի մարդու առողջության վրա: Սակայն գոյություն ունի «ճարպակալման պարադոքս» հասկացությունը՝ չնայած ոչ ճիշտ սննդակարգին եւ ավելորդ քաշին, որոշ հիվանդությունների ախտանիշներ ճարպակալման դեպքում ավելի քիչ են ի հայտ գալիս:

Մասնագետները հետազոտել են տարբեր ճարպերի օգտագործման եւ պանկրեատիտի կապը՝ ուսումնասիրելով 20 կլինիկական դեպքերի տվյալները: Այսպես, այն պացիենտները, ովքեր կերել են մեծ քանակությամբ հագեցած ճարպեր պարունակող սննդամթերք եւ ում մոտ պանկրեատիտ է առաջացել, պակաս ծանր ախտանիշներ են ունեցել, քան այն պացիենտները, ովքեր պահպանել են մեծ քանակութամբ չհագեցած ճարպերով դիետա։

Գիտնականները փորձեր են անցկացրել նաեւ մկների վրա՝ նրանց մի մասին կերակրել են հագեցած ճարպերով հարուստ մթերքներով, իսկ մյուսներին՝ չհագեցածներով հարուստ մթերքներով: Դրանից հետո գիտնականները բոլոր կենդանիների մոտ պանկրեատիտ են նախաձեռնել:

Պարզվել է, որ հագեցած ճարպերով կերակրված մկների մոտ պակաս ծանր ախտանիշներ են առաջացել: Մասնագետները կարծում են, որ հագեցած ճարպերը այնքան էլ լավ չեն փոխազդում ենթաստամոքսային գեղձի տրիգլիցերիդլիպազայի հետ, ինչը հանգեցնում է երկարաշղթա չէտերիֆիկացված ճարպաթթուների ավելի քիչ արտադրության եւ պանկրեատիտի ախտանիշների նվազման: