Օդի ջերմաստիճանը, խոնավությունը եւ քամու արագությունը կարող են մեծ դերակատարում ունենալ կորոնավիրուսի տարածման մեջ: Այս մասին հայտնում են Նիկոսիայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները:

Գիտնականները ուշադրություն են դարձրել, որ ժամանակակից կանխատեսումներում հաշվի են առնվում միայն մի քանի գործեններ՝ հիվանդացածների առողջանալու տեմպերը եւ վիրուսի փոխանցման արագությունը, հայտնում է Cyprus Mail-ը: Նրանք համակարգչային մոդել են ստեղծել, որը հաշվի է առնում նաեւ կլիմայական էֆեկտները: Նշվում է, որ այս մեթոդն օգնել է կանխատեսել կորոնավիրուսի երկրորդ ալիքը Փարիզում, Նյու Յորքում եւ Ռիո դե Ժանեյրոյում:

Այսպես, օրինակ, քամու արագությունը զգալիորեն ազդում է վիրուսի տարածման վրա. նույնիսկ թույլ քամու դեպքում վիրուս պարունակող կաթիլները զգալիորեն ավելի արագ են տարածվում: Սրա հետ կապված մասնագետները կոչ են արել սոցիալական հեռավորության պահպանման հանձնարարվող շեմը վերանայել մեծացնելու ուղղությամբ, քանի որ 2 մետրը մարդկանց միջեւ նվազագույն անվտանգ հեռավորությունն է անհողմության դեպքում:

Համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Դիմիտրիս Դրիկակիսը նշել է, որ COVID-19-ով հիվանդացությունը անկում է ունենում ամառային ամիսներին եւ սկսում աճել համեմատական խոնավության եւ քամու արագության մեծացմանը զուգահեռ: Ընդ որում՝ ինֆեկցիայի բռնկման ժամանակը կարող է կախված լինել տարածաշրջանի՝ հասարակածից հյուսիս կամ հարավ տեղակայված լինելու հանգամանքից:

«Տարեկան համավարակի երկու ալիքներն անխուսափելի են, որովհետեւ ուղղակիորեն կապված են այն բանի հետ, ինչը մենք անվանում ենք եղանակի սեզոնայնություն: Հիվանդացության վրա զդում են ջերմաստիճանի, համեմատական խոնավության եւ քամու արագության փոփոխությունները՝ անկախ սեզոնից»,- ասել են մասնագետները: