Բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի համատեղ մշակած պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ ցածր արդյունավետություն է ցույց տվել Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամի դեմ: Այս մասին հայտնում է Financial Times-ը` վկայակոչելով Վիտվատերսրենդի համալսարանի (Հարավային Աֆրիկա) եւ Օքսֆորդի համալսարանի մասնագետների կողմից անցկացված հետազոտությունը:

2000 կամավորի մասնակցությամբ պատահականացված, կրկնակի կույր հետազոտությունը ցույց է տվել, որ AstraZeneca պատվաստանյութի ներարկումը, ըստ երեւույթին, պաշտպանություն չի ապահովում վիրուսի` Հարավային Աֆրիկայում հայտնաբերված շտամի առաջացրած հիվանդության մեղմ եւ միջին ընթացքի դեպքում: Սակայն պատվաստանյութը արդյունավետ է, այսպես կոչված, բրիտանական շտամի դեմ, պարզել են Օքսֆորդի գիտնականները:

2020-ի հոկտեմբերի 1-ից 2021-ի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում մասնագետները քսուքներ են վերցրել կամավորներից, ովքեր մասնակցել են AstraZeneca պատվաստանյութի փորձարկումների երկրորդ եւ երրորդ փուլերին: Փորձարկման նպատակն էր պարզել, թե որ շտամով են նրանք վարակվել (հետազոտությունն անցկացվել է ինչպես սիմպտոմատիկ, այնպես էլ ասիմպտոմատիկ հիվանդների շրջանում), ինչը կարող էր տեղի ունենալ ինչպես դեղամիջոցի ընդունումից առաջ, այնպես էլ հետո:

Հետազոտությունը ցույց է տվել, որ պատվաստանյութը պաշտպանում է ոչ միայն բուն վիրուսից, այլեւ` B.1.1.7 նոր մուտացիայից:

Հիշեցնենք, որ տվյալ պատվաստանյութը նախատեսվում է ներմուծել Հայաստան` բնակչության 3 տոկոսի, առաջին հերթին` բարձր ռիսկային խմբի պատվաստման համար: