Մեծ քաղաքներին հատուկ գիշերային ակտիվ լուսավորությունը կարող է կապված լինել վահանաձեւ գեղձի քաղցկեղի զարգացման մեծ հավանականության հետ: Այս մասին նախազգուշացնում են Տեխասի համալսարանի Առողջության գիտական կենտրոնի գիտնականները:
Գիտնականները նախկինում կապ էին հայտնաբերել գիշերային լուսավորության եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման մեծ հավանականության միջեւ: Դրանից բացի, կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակներ կարող են ունենալ ընդհանուր հորմոնային կախվածության հիմք վահանաձեւ գեղձի քաղցկեղի հետ:
Նոր հետազոտության ժամանակ գիտնականներն ուսումնասիրել են 50-71 տարեկան մեծահասակ ամերիկացիների խմբի առողջության ցուցանիշները եւ վերլուծել են արբանյակային լուսանկարների տվյալները՝ գնահատելու համար գիշերային ժամերին լուսավորության մակարդակը այն շրջաններում, որտեղ բնակվել են հետազոտության մասնակիցները:
464 371 մասնակիցների շարքում, որոնց հետեւել են միջինը 12,8 տարի, 856 դեպքում ախտորոշվել է վահանաձեւ գեղձի քաղցկեղ: Գիշերային ժամերին լույսի ամենացածր քվինտիլի համեմատությամբ՝ ամենաբարձր քվինտիլը կապված էր վահանաձեւ գեղձի քաղցկեղի հավանականության 55 տոկոսով մեծացման հետ: Կապն առաջին հերթին արդիական էր վահանաձեւ գեղձի պապիլյար քաղցկեղի համար: Հատկանշական է, որ այն ավելի ուժեղ էր կանանց շրջանում, քան տղամարդկանց:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ կանանց շրջանում գիշերային լուսավորության հետ կապն ավելի ուժեղ է եղել տեղայնացված քաղցկեղի համար՝ առանց մարմնի այլ մասերի վրա տարածվելու նշանների, մինչդեռ տղամարդկանց շրջանում այս կապն ավելի ուժեղ է եղել քաղցկեղի ավելի ուշ փուլերի համար:
Գիտնականների խոսքով՝ գիշերային ժամերին լույսը ճնշում է մելատոնինը՝ էստրոգենի մոդուլյատորը, որը կարող է ստեղծել հակաուռուցքային էֆեկտներ: Դրանից բացի, գիշերային ժամերի լույսը նպաստում է օրգանիզմի ներքին ժամերի (կամ ցիրկադային ռիթմերի) աշխատանքի խանգարմանը, ինչը նույնպես համարվում է քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման ռիսկի գործոն:






