Պանդեմիայի սկզբում համարվում էր, որ ասթմայով տառապող պացիենտները ռիսկի խմբում են եւ կարող են բախվել կորոնավիրուսի վարակի հետեւանքով բարդացումների: Սակայն նոր տվյալները ցույց են տալիս, որ դա ամենեւին այդպես չէ: Համաձայն նոր հետազոտության, որը հրապարակվել է Journal of Asthma, ասթմայով տառապող մարդկանց մոտ բարդացումներից եւ կորոնավիրուսից մահվան ռիսկը բարձր չէ, քան այլ պացիենտների մեծամասնության մոտ:

Ավստրալիայի գլոբալ առողջապահության ինստիտուտից գիտնականները վերլուծել են 57 հետազոտությունների տվյալներ, որոնց մասնակցել է 587 000 մարդ եւ սահմանել, որ կորոնավիրուսով վարակված 100-ից 7-ը տառապել է ասթմայով: Պարզվել է, որ տվյալ հիվանդությունն ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակման ռիսկը 14 տոկոսով ցածր է, իսկ հոսպիտալացման հավանականությունն էլ ավելի ցածր:

Համեմատելով մահվան ռիսկերը՝ գիտնականները մարդկանց երկու խմբերի միջեւ վիճակագրական տարբերություն չեն հայտնաբերել՝ ասթմայով եւ առանց դրա: Գիտնականների խոսքով՝ նման արդյունքի հստակ պատճառները նշելը դժվար է: