Զարկերակային ճնշումը հնարավոր է մոտավոր չափել առանց տոնոմետրի: Այս մասին հայտնել է Ռուսաստանից թերապեւտ Անաստասիա Ատամանը:
«Փրայմ» գործակալության հաղորդմամբ՝ թերապեւտը նշել է, որ կարելի է օգտվել սմարթֆոնների համար հատուկ հավելվածներից, որոնք չափում են ճնշումը: Ինչպես նաեւ կարելի է օգտվել վայրկյանաչափից:
«Սակայն մասնագետների շրջանում նման չափումները հստակ չեն համարվում»,-նշել է թերապեւտը:
Նրա խոսքով՝ խորհուրդ չի տրվում չափել ճնշումը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ սթրեսից հետո, որոնք նպաստում են սրտխփոցի արագացմանը:
Նորմալ է համարվում 120/80 մմ սնդիկի սյուն ճնշումը: Ցածր է համարվում 100/70 մմ սնդիկի սյան դեպքում: Այդ ժամանակ մարդը կարող է զգալ թուլություն, քնկոտություն, դանդաղկոտություն, գլխապտույտ եւ սրտխառնոց:
Բարձր է համարվում 130/90 մմ սնդիկի սյուն ճնշումը: Նման վիճակում մարդու մոտ կարող է ցավ առաջանալ ծոծրակում, պուլսացիայի զգացում եւ ճնշում գլխում, գլխապտույտը գլուխը կտրուկ թեքելիս, հնարավոր է տեսողության խանգարում, սրտխառնոց, լսողության խախտում, աղմուկ ականջներում:
Սակայն պետք է հիշել, որ 100 տոկոսով այս կամ այն ախտանիշին հավատալ չի կարելի, քանի որ պետք է հաշվի առնել յուրաքանչյուր օրգանիզմի առանձնահատկությունները: Շատ պացիենտների մոտ բարձր ճնշումը չի ուղեկցվում որեւէ ախտանիշով, սակայն մնում է վտանգավոր առողջության համար:






