Գլիկեմիկ բարձր ինդեքսով մթերքների չափից ավելի շատ գործածումը կարող է առողջության համար վտանգավոր լինել եւ մեծացնել սրտի ու գլխուղեղի կաթվածների հավանականությունը, պարզել են կանադացի գիտնականները:
Հետազոտության շրջանակում, որը կատարել է Կանադայից գիտնականների խումբը, 9,5 տարի հետեւել են 35-ից մինչեւ 70 տարեկան ավելի քան 137 800 մարդու առողջական վիճակին: Մասնակիցները անկետա են լրացրել, որում պատասխանել են իրենց սննդային սովորությունների եւ առողջական վիճակի մասին հարցերին:
Հետազոտողները ցանկանում էին պարզել, թե ինչպիսի երկարաժամկետ հետեւանքներ է առաջացնում բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքների գործածումը, որոնք արյան մեջ գլյուկոզայի մակարդակն արագ բարձրացնում են: Այդպիսի մթերքներին են դասվում, օրինակ, սպիտակ հացը, զտված բրինձը, կարտոֆիլը եւ այլն:
Հետազոտության ժամանակահատվածում գրանցվել են մահվան 8780 դեպքեր եւ 8252 սուր սիրտ-անոթային խանգարումներ՝ կաթվածներ, սրտի նոպաներ: Գիտնականները համեմատել են բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքների կանոնավոր գործածման վերաբերյալ տվյալները այդպիսի վիճակների հաճախության հետ:
Պարզվել է՝ մարդկանց շրջանում, որոնք գործածել են առավել մեծ քանակությամբ ցածրորակ ածխաջրեր, սրտի եւ գլխուղեղի կաթվածների հավանականությունը 20 տոկոսով ավելի մեծ է եղել նրանց համեմատությամբ, ովքեր հետեւել են ավելի առողջ սննդակարգի: Մարդկանց շրջանում, որոնք հետազոտության սկզբում տառապել են սիրտ-անոթային հիվանդություններով, հավանականությունը 50 տոկոսով է մեծ եղել: Ռիսկի լրացուցիչ գործոն է ճարպակալումը:






