Ֆլորենցիայի համալսարանի Բժշկական գիտությունների դեպարտամենտի հոգեբանները պարզել են այն մարդկանց տեսակը, որոնք հոգեբանորեն առավել դիմացկուն են կորոնավիրուսի համավարակի հանդեպ: Հոդվածը հրապարակվել է Science Direct կայքում:

«Իզվեստիա» թերթը պատմում է, որ հարցման մասնակիցները լրացրել են հարցաթերթիկ, որպեսզի չափեն բնավորության մեջ հոգեբանական գծերը եւ պարզեն վարակի ռիսկի նրանց ընկալումը, որից հետո վերլուծել են մեկուսացման ընթացքում նրանց բարեկեցության մակարդակը: Ընդհանուր առմամբ՝ փորձին մասնակցել է 619 մարդ, որոնց միջին տարիքը 31,3 տարեկան է եղել:

Հավաքված տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համավարակի հանդեպ առավել դիմացկուն են այն մարդիկ, ում բնորոշ են անխոհեմությունը, ամբարտավանությունը եւ ստորության հակումը: Մեկուսացման ընթացքում այս մարդիկ սթրեսի ավելի ցածր մակարդակ են ունեցել:

Ընդ որում՝ հարցվածներից անկայուն հոգեբանություն (հետազոտության մեջ նրանց վերագրվում է արգելակում) եւ տրամադրության տատանումներ ունեցող մարդիկ համավարակի պայմաններում ավելի վատ են զգացել: