Անաբոլիկ ստերոիդները, որոնք օգտագործվում են մկանային զանգված աճեցնելու համար, կարող են լուրջ վնաս հասցնել տղամարդու առողջությանը, կարծում են Կոպենհագենի համալսարանի գիտնականները: Ավելին, դրանց բացասական ազդեցությունը կարող է բավականին երկար տեւել՝ շարունակվելով նույնիսկ ընդունումը դադարեցնելուց հետո:

Ըստ edition.cnn.com-ի՝ ուսումնասիրությունները բազմիցս ցույց են տվել, որ օրգանիզմում տեստոստերոնի մակարդակի արհեստական բարձրացումը, որն անհրաժեշտ է հիպերտրոֆիկ մկաններ ստանալու համար, չափազանց վտանգավոր է:

Արյան մեջ տեստոստերոնի մակարդակի կտրուկ աճը թույլ է տալիս ահագին մեծացնել մարզումների ուժային ցուցանիշները եւ ավելի ինտենսիվ վարժություններ կատարել: Սակայն այդ դեպքում սիրտը ստիպված է հաղթահարել կտրուկ աճող բեռը, եւ նա չի ստանում որեւէ խթանիչ դեղամիջոց: Այդ պատճառով, բոդիբիլդերները հաճախ բախվում են ինֆարկտի, սրտի անբավարարության եւ սրտի այլ խնդիրների: Քանի որ նրանք տեստոստերոնը դրսից են ստանում, նրանց օրգանիզմը ի վերջո դադարում է ինքնուրույն արտադրել այս հորմոնը: Անաբոլիկ ստերոիդների կուրսն ավարտելուց հետո տղամարդու մոտ կարող է, այսպես կոչված, տղամարդկային անդրոպաուզա առաջանալ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ անաբոլիկ ստերոիդները բացասաբար են ազդում նաեւ սերմնաբջիջներ արտադրող ամորձիների գործառույթի վրա: Այս միջոցները խախտում են հիպոթալամուս-հիպոֆիզ-ամորձիներ հորմոնային համակարգը, եւ տեստոստերոնն այլեւս չի արտադրվում, ինչը նվազեցնում է պտղաբերությունը: Տղամարդկանց մոտ հորմոնալ մակարդակի վերականգնումը ստերոիդների օգտագործման ավարտից հետո կարող է երկար տեւել, ավելին՝ կա վտանգ, որ այն այլեւս չի վերականգնվի: